ԱԺ ընտրություններն անցնում են խախտումների և ճնշումների մասին տեղեկությունների ֆոնին

07.06.2026, 16:42
Ոստիկանությունը հայտնել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին։ Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ նույնպես հայտնել են քվեարկության ընթացքում լայնածավալ խախտումների և ճնշումների մասին
ԱԺ ընտրություններն անցնում են խախտումների և ճնշումների մասին տեղեկությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին։ Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ նույնպես հայտնել են քվեարկության ընթացքում լայնածավալ խախտումների և ճնշումների մասին։

ՆԳՆ հաղորդագրությունը

Գերատեսչության տվյալներով՝ hունիսի 7-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 29 ահազանգ։

«Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 6, քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 6 անձ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 121 տեղեկությունները ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը

ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ ժամը 8-ից սկսած կուսակցության նախընտրական շտաբը տարածքային կառույցների և շտաբների ներկայացուցիչներից բազմաթիվ ահազանգեր է ստացել իրավապահ մարմինների կողմից լայնածավալ հարձակումների մասին։

Նրա խոսքով՝ տարածքային կառույցների ներկայացուցիչներին զանգվածաբար բերման են ենթարկել և կալանավորել շինծու և մտացածին մեղադրանքներով։

«Այն, որ անգամ այսօր ընտրության օրը, այս ծավալով հետանդումները շարունակվում են ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, արդեն որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող փաստ է:

Այս իրավիճակն ունի ընդամենը մեկ նատակ. պարալիզացնել և խաթարել ընտրական գործընթացը Հայաստանում, խոչընդոտել ազգաբնակչության ազատ կամարտահայտման իրավունքը», - նշեց Տոնոյանը:

Նա ասաց, որ այս գործընթացի կանխարգելման միակ «հակաթույնը» հայրենակիցների ակտիվ մասնակցությունն է։

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների», - նշված է դաշինքի նախընտրական շտաբի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով։

«Այս խայտառակ և հակաօրինական վարքագիծը ոչ միայն հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի կոպտագույն խախտում», – նշվում է հայտարարության մեջ։

Դաշինքը պահանջում է, որ դիտորդական առաքելություննեը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրեն այս փաստը և ընտրողներին կոչ անում չընկրկել այս ապօրինի գործողությունների առջև և վստահորեն կատարել իրենց սահմանադրական իրավունքը։

«Այս ապօրինությունները կազմակերպող և իրականացնող անձանց սպառնում է օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունը։», - հայտարարել է դաշինքը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Այս ընտրությունները հերթական կամ սովորական չեն. սրանք ճակատագրական են։ Ցավոք սրտի ունենք հարյուրավոր խախտումներ արձանագրված, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, իրավաբան Գոհար Մելոյանը։

«Խախտումներն էական են թե բովանդակային, թե տեխնիկական առումով։ Մի բանի մասին են վկայակոչում, որ որոշ քաղաքական ուժեր անվստահություն ունեն իրենց հաղթանակի վրա և փորձում են քաղաքացու կամքի վրա միջամտություն թույլ տալ», - ասաց Մելոյանը։

Նա հայտնեց, որ առավոտյան ժամը 7:00-ից սկսած «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին խոչընդոտել են մուտք գործել մի շարք ընտրատեղամասեր։

«Ունեցանք բազմաթիվ ահազանգեր, որ տեխնիկական սարքերը չեն աշխատում պատշաճ կերպով: Որոշ տեղեր լուսանջատումներ արդեն իսկ արձանագրվել են», - հայտարարեց Մելոյանը:

Նա հայտնեց, որ տեխնիկական սարքավորումների և ընտրողների ցուցակների վերաբերյալ տվյալները նույնպես չեն համընկնում, որոշ ձևաթղթեր թերի են, իսկ ծրարները՝ վատ որակի, քանի որ դրանք թափանցիկ են` այդպիսով խախտելով ընտրողի անձնական կյանքի իրավունքը։ 

Ընտրությունների մասին

Հայաստանում մեկնարկել են 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Տեղական ժամանակով ժամը 08:00-ից հանրապետության ողջ տարածքում բացվել է 2005 ընտրատեղամաս։

ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ռեգիստրում գրանցված է 2 միլիոն 505 հազար 102 մարդ։

Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։

Կուսակցությունների թվում են․

  • Ռեֆորմիստների կուսակցություն
  • «Բոլորին դեմ եմ» կուսակցություն
  • Հայաստանի շնորհապետական կուսակցություն
  • «Նոր ուժ» կուսակցություն
  • «Միասնության թևեր» կուսակցություն
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
  • «Հանրապետություն» կուսակցություն
  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
  • Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
  • «Դեմոկրատիա օրենք, կարգապահություն» կուսակցություն (ԴՕԿ)
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  • «Հանուն Հանրապետության» կուսակցություն
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Մասնակցում է նաև երկու դաշինք՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը։