Վեց անձ ձերբակալվել է կրկնաքվեարկության, քվեարկության գաղտնիության խախտման դեպքով․ ՆԳՆ
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 29 ահազանգ, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
«Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 6, քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 6 անձ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 121 տեղեկությունները ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
ՆԳՆ–ն ներկայացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները։
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել է 1326 անձ։ Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 752 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 820 զանգ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 316 քաղաքացու։

