Ընտրատեղամասերում ռումբերի մասին հաղորդագրությունները կեղծ են․ ՆԳՆ
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Օտարերկրյա հեռախոսահամարներից և էլեկտրոնային փոստի հասցեներից ՀՀ քաղաքացիներին զանգեր և հաղորդագրություններ են ստացվել, որոնցում կեղծ տեղեկություններ են տարածվել իբր որոշ ընտրատեղամասերում ռումբեր են տեղադրված, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։
«Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգերը չեն համապատասխանում իրականությանը։ Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես հիբրիդային ազդեցության և տեղեկատվական-հոգեբանական ճնշման փորձեր, որոնց նպատակն է խաթարել բնականոն ընտրական գործընթացը, հասարակության մեջ տարածել անհանգստություն և անվստահություն, ինչպես նաև ծանրաբեռնել պետական կառույցների աշխատանքը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՆԳՆ ոստիկանությունը և իրավապահ համակարգը լիովին վերահսկում են իրավիճակը։
«Քաղաքացիներին հորդորում ենք չտրվել ապատեղեկատվությանը, չտարածել չստուգված տեղեկություններ և նման հաղորդագրություններ ստանալիս անմիջապես տեղեկացնել իրավապահ մարմիններին», – նշվում է հաղորդագրության մեջ։

