Ժամը 17։00–ի դրությամբ ձերբակալվել է 14 անձ քվեարկության հետ կապված խախտումների դեպքերով․ ՆԳՆ
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
«Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 19, քվեարկության գաղտնիության խախտման՝ 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2, ընտրակաշառք տալու՝ 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկությունները ստուգման փուլում են։
Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
ՆԳՆ–ն ներկայացրել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ։ Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 916 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 820 զանգ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1250 քաղաքացու։

