Հայաստանը պետք է «անպայման լսելի լինի». Primavera Foundation-ի համահիմնադիրը՝ հիմնադրամի առաքելության և ԶԼՄ-ների դերի մասին
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ինչպե՞ս է ձևավորվում Հայաստանի մշակութային դիմագիծն արտերկրում, և ինչո՞ւ է իրական արվեստը դառնում «պրեմիում» դասի նոր ձև թվայնացման և արհեստական բանականության դարաշրջանում:
Ի՞նչ դեր են խաղում լրատվամիջոցները մշակույթի առաջմղման և բարդ ժամանակներում արվեստի հանդեպ հաստատուն հետաքրքրության ձևավորման գործում: Այս ամենի, ինչպես նաև հիմնադրամի առաքելության, միջազգային նախագծերի և մշակույթի զարգացման գործում մեդիայի նշանակության մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է Primavera Foundation-ի համահիմնադիր Ելենա Յակովլևան:
«Նովոստի-Արմենիա» . ո՞րն է Primavera Foundation-ի առաքելությունը Հայաստանի մշակութային դիմագծի ձևավորման գործում:
Ե. Յակովլևա․ թույլ տվեք սկսել հակառակ կողմից. Հայաստանում կան շատ տաղանդավոր կատարողներ: Մենք գիտենք նրանց, հիանում ենք նրանցով: Բայց նրանցից քանիսն են ճանաչված աշխարհում այնպես, որ եվրոպական դահլիճներից մեզ պատմեն այն շնորհաշատ հայերի մասին, որոնց «անպայման պետք է լսել»:
Նույն կերպ կարելի է ասել մեր առաքելության մասին: Մի կողմից՝ Հայաստանի ներսում ստեղծել իրադարձություններ, որոնք համահունչ և համադրելի են աշխարհի առաջատար մշակութային մայրաքաղաքներում անցկացվող միջոցառումներին: Մեզ հարցնում են՝ «որտե՞ղ, որտե՞ղ, Հայաստանո՞ւմ: Ինչո՞ւ Հայաստանում, այլ ոչ թե...»: Այսպես էին հարցնում բազմաթիվ միջազգային գործընկերներ, երբ մենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ պլանավորում և անցկացնում էինք մաեստրո Վասիլի Պետրենկոյի առաջին միջազգային ակադեմիան դիրիժորների համար:
Մյուս կողմից՝ մեզ համար կարևոր է աշխարհին պատմել Հայաստանի մասին՝ օգտագործելով տարբեր գործիքակազմեր՝ համերգներ, ալբոմների և սինգլների ձայնագրություններ: Մենք դա արդեն արել ենք ամերիկյան Prima Classic լեյբլի հետ. թողարկումները նախատեսված են հաջորդ տարի: Մենք կազմակերպում ենք դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ կամ լուսանկարչական ցուցահանդեսներ այնպես, որ մեր հյուրերն ասեն, թե երբեք չեն եղել Հայաստանում և հիմա զղջում են դրա համար: Հենց այդպես մեզ ասաց Ֆրանսիայում կայացած «Visage d’Armenie» փառատոնի հյուրերից մեկը:
«Նովոստի-Արմենիա»․ ինչո՞ւ թվայնացման դարում, երբ AI-ն կարող է գեներացնել ցանկացած սյուժե, վեպ գրել կամ երաժշտություն ստեղծել, մարդկանց մոտ առաջանում է իրական մարդու, այլ ոչ թե մեքենայի ստեղծած արվեստի գործի կարիքը:
Ե. Յակովլևա․ կարծում եմ՝ մենք կանգնած ենք «պրեմիում» դասի նոր ընկալման, եթե կարելի է այսպես ասել՝ նոր էլիտարության շեմին: Ի վերջո, իսկական բացառիկությունն ու յուրահատկությունն այնտեղ է, որտեղ ներդրված է հենց մարդու անհատականությունը՝ նրա հոգին, էմոցիաները, մտքերն ու աշխատանքը: Ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում ուշադրություն դարձնել դրան, այլ ոչ միայն տարեց լսարանը:
«Նովոստի-Արմենիա» ․ ի՞նչն է օգնում մշակույթին հնչել «նորովի» և հետաքրքիր լինել նույնիսկ նրանց համար, ովքեր հեռու են արվեստից:
Ե. Յակովլևա․ արվեստից հեռու մարդիկ գոյություն չունեն: Բայց հետաքրքրությունն առաջանում է միայն այն ժամանակ, երբ մարդն ինչ-որ կարևոր բան է ստանում անձամբ իր համար: Ինչպե՞ս դառնալ ռեսուրս՝ ցույց տալով դեպի աղբյուրը տանող այս ուղին։ Ինձ թվում է՝ դա հնարավոր է այն դեպքում, երբ հանդիպում են երկու հոսանքներ. մշակույթի կողմից կհնչի բարյացակամ, կենդանի լեզու, իսկ հասարակության կողմից ավելի հաճախ բարձրաձայն կխոսեն նրանք, ովքեր արվեստի մեջ արդեն գտել են ուժ, հանգստություն և հավասարակշռություն:
Չէ՞ որ նույնիսկ երբ գալիս են բարդ ժամանակներ, և մարդն ինքն է հետաքրքրություն դրսևորում գեղանկարչության, երաժշտության հանդեպ, զբաղվում է պարով, երգեցողությամբ կամ պարզապես կարծում է, որ չի կարելի երեխաներին չընդունել երաժշտական դպրոց «ընդհանուր զարգացման համար», լրատվամիջոցներն այդ մասին չեն գրում: Իսկ այդպիսի մարդիկ շատ են: Եկեք հարցում անցկացնենք երևանցիների շրջանում Օպերայի և բալետի ազգային թատրոնում, Ֆիլհարմոնիայում կամ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգից հետո: Դուք չեք պատկերացնում, թե որքան հաճախ մարզերում անցկացված միջոցառումներից հետո մեզ ասում են՝ «մենք շունչ քաշեցինք», «ես կարողացա շունչ առնել», «ես վաղուց չէի կարողանում արտասվել»:
«Նովոստի-Արմենիա»․ կա՞ն Հայաստանում մշակութային թեմաներ, որոնք, Ձեր զգացողությամբ, դեռևս ամբողջությամբ բացահայտված չեն մեդիայում:
Ե. Յակովլևա․ կարծում եմ՝ խնդիրը ոչ թե թեմաներն են, այլ համակարգվածությունը, այդ թեմաները քննարկման դիսկուրս բերելը: Մշակույթի մասին պատմելը կարող է դառնալ նորաձև, քանի որ լրատվամիջոցները կարող են լուրջ ազդեցություն ունենալ այս թեմայի հանդեպ ուշադրության հրավիրելու վրա: Համաշխարհային բիզնեսի համար վաղուց պարզ է, որ մշակույթի տարրերի հետ ասոցացվելը բրենդին գույներ է հաղորդում, տարբերում է նրան մյուսներից և հստակ խոսում նրա առաջնահերթությունների ու արժեքների մասին:
Կնշեի, որ այլ երկրների հետ համեմատած՝ Հայաստանում լրատվամիջոցները մեծ ուշադրություն են դարձնում մշակույթի և արվեստի թեմաներին: Բայց դա կենդանի մարդու՝ խմբագրի, լրագրողի, մեդիայի սեփականատիրոջ ընտրությունն է, որը հիմնված է պատշաճի և անհրաժեշտի մասին նրա պատկերացումների վրա: Կարծում եմ՝ Հայաստանն այստեղ առաջատար դիրքերում է:
«Նովոստի-Արմենիա»․ ո՞րն է լրատվամիջոցների դերը Հայաստանում մշակույթի առաջմղման գործում:
Ե. Յակովլևա․ առանցքային է: Ցանկացած երկրում, հատկապես լարված ժամանակներում, լրատվամիջոցները շատ բարդ ընտրության առջև են կանգնած. վարկանիշնե՞ր, ֆինանսական կայունությու՞ն, անկախությու՞ն, թե՞ լսարանի հանդեպ հավատարմություն:
Նման ճնշման տակ հօգուտ մշակույթի ընտրություն կատարելը գործնականում անհնար է: Եվ այնուամենայնիվ, եթե լրատվամիջոցներն իրենց մեջ ուժ չգտնեն խոսելու մշակույթի մասին, ապա էլ ո՞վ կխոսի դրա մասին: Սա միաժամանակ թե՛ բարդ, թե՛ արտոնյալ դիրքորոշում է:
Շատ եմ ուզում, որ մշակութային հաստատությունները թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում գտնեն հենց այդ կենսունակ լեզուն, կարողանան և ցանկանան օգնել լրատվամիջոցներին՝ մշակույթի և արվեստի մասին պատմել ոչ միայն հետաքրքրաշարժ ձևով, այլև օգտագործել դրանց ներուժը, հատկապես մարտահրավերներով լի ժամանակներում։

