Երևանում այսօր 16–ամյա երիտասարդը դանակահարել ու սպանել է 27–ամյա երիտասարդին մեքենան արագ վարելու շուրջ ծագած վեճի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ ժամը 19.55-ին կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Արտաշիսյան փողոց մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։
Ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։
Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։ Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

