Երևանում Տելեգրամով թմրամիջոց իրացնող խումբ է բացահայտվել. ձերբակալվել է 4 անձ (ՎԻԴԵՈ)

03.06.2026, 19:33
Երևանում Տելեգրամով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպք է բացահայտվել. ձերբակալվել է 4  անձ․ ՎԻԴԵՈ
Երևանում Տելեգրամով թմրամիջոց իրացնող խումբ է բացահայտվել. ձերբակալվել է 4 անձ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում Տելեգրամով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպք է բացահայտվել։

Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ «Տելեգրամ» հավելվածում գրանցված մի խումբ քաղաքացիներ ապօրինի իրացնում են թմրամիջոցներ։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում` Երևանի Գոգոլի փողոցում իրացնելու նպատակով թմրանյութ տեղադրելու պահին, իրավապահները ձերբակալել են մայրաքաղաքի բնակիչներ 32-ամյա տղամարդուն և 33-ամյա կնոջը։ Տղամարդու վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք ներկայացվել են նախաքննական մարմին, և երկուսին էլ առաջադրվել է մեղադրանք։ Կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 27 գրամ զանգվածով փաթեթներ։

Իրավապահների հետագա համատեղ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ձերբակալված տղամարդն ու կինը մեթամֆետամինը ձեռք են բերել մայրաքաղաքի Նորաշեն թաղամասում բնակվող ամուսիններից։ Նորաշենի բնակիչներ՝ 40-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը, նույնպես ձերբակալվել, ներկայացվել են նախաքննական մարմին և մեղադրվել։

Նախաքննությունը շարունակվում է։