Փաշինյանը ծրագրում է հանդիպել Պուտինի հետ ՀՀ-ում կայանալիք ընտրություններից հետո
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ (ՀՀ ԱԺ խմբ․) ընտրություններից հետո ծրագրում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ընթացիկ հարցերը քննարկելու համար։
«Հունիսի 1-ին Ռուսաստանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մենք պայմանավորվել ենք, որ ընտրություններից հետո ես կրկին կմեկնեմ, և մենք հանդիպում կունենանք, որի ընթացքում կքննարկենք ու կլուծենք բոլոր ընթացիկ հարցերը»,- հայտարարել է Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ այն հարցերը, որոնց շուրջ այժմ «աղմուկ է բարձրացվել», վերջին 8 տարիների ընթացքում բազմիցս են առաջացել։
«Այդ բոլոր հարցերը լուծվել են, ինչի մասին դուք նույնիսկ տեղյակ էլ չեք եղել։ Բոլոր հարցերը կլուծվեն, և դրանում որևէ կասկած չկա։ Ես ասել եմ մեր ռուս գործընկերներին՝ մենք չենք «պատերազմելու» և վիճելու ձեզ հետ։ Մենք հանգիստ ու համբերատար պաշտպանելու ենք մեր շահերը։ Մենք չենք գործելու ընդդեմ Ռուսաստանի շահերի, սակայն չենք գործելու նաև ընդդեմ մեր շահերի։ Ես երբեք չէի ցանկանա իմ գործողություններով վնաս հասցնել Ռուսաստանի շահերին»,- նշել է Փաշինյանը։
Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային և պարենային արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով ռուս մասնագետների մասնակցությամբ տեսչական ստուգումների ավարտը։
Նաև Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր դժգոհությունների մասին՝ կապված Հայաստանից ՌԴ մատակարարվող մրգի և բանջարեղենի հետ։
Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։

