Թրե՞նդ, թե՞ խնամքի հեղափոխություն. ինչու՞ է ճապոնական մանիկյուրը դառնում նոր ընտրություն Հայաստանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Փայլուն, խնամված, բայց առանց գելլաքի. վերջին շրջանում գեղեցկության ոլորտում մեծ տարածում է գտել ճապոնական մանիկյուրը։ Այն, ինչ ժամանակին ընկալվում էր որպես պարզապես խնամքի պրոցեդուրա, այժմ վերածվում է թրենդի՝ հատկապես այն կանանց շրջանում, որոնք ցանկանում են առողջ տեսք ունեցող բնական եղունգներ՝ առանց հաստ ծածկույթի և վառ գույների։
«Նովոստի Արմենիա»-ի հետ զրույցում «Օհանյան» բյութի քլաբի մատնահարդար Լիլիթ Վարդանյանը պատմել է, թե ինչով է ճապոնական մանիկյուրը տարբերվում սովորական մանիկյուրից, ինչպես է իրականացվում պրոցեդուրան, և ովքեր են նախընտրում այն Հայաստանում։
Խնամք և սնուցում
Մասնագետի խոսքով՝ ճապոնական մանիկյուրը սովորական մատնահարդարումից տարբերվում է հենց իր նպատակով. այն ավելի շատ նախատեսված է եղունգի խնամքի, սնուցման ու վերականգնման համար։
Ինչո՞ւ է ճապոնական մանիկյուրը դարձել թրենդային
Մասնագետը նշում է, որ պատճառը միայն նորաձևությունը չէ։
«Կարծում եմ՝ մոտ 50/50 է։ Մարդիկ գալիս են և՛ այն պատճառով, որ թրենդային է, և՛ որովհետև իրականում խնամք է տալիս եղունգին։ Շատերին գրավում է այն միտքը, որ հնարավոր է ունենալ խնամված եղունգ՝ առանց ծածկույթի»,- ընգծում է Լիլիթը։
Նրա խոսքով՝ հատկապես այն մարդիկ են հետաքրքրվում ճապոնական մանիկյուրով, որոնց եղունգները չեն «ընդունում» գելլաքը կամ պարզապես հոգնել են մշտական ծածկույթից։ Որոշ հաճախորդներ նույնիսկ որոշ ժամանակով ամբողջությամբ հրաժարվում են գելլաքից՝ անցնելով բնական տարբերակի։
«Եղել են դեպքեր, երբ հաճախորդը հոգնել է գելլաքից ու որոշել է մի քանի ամիս անցնել ճապոնական մանիկյուրի, որպեսզի և՛ եղունգները հանգստանան, և՛ աչքը հանգստանա մշտական գունավոր ծածկույթից», - նշում է մատնահարդարը։
Ինչո՞վ է տարբերվում ճապոնական մանիկյուրն ավանդական մեթոդներից
Ի տարբերություն ավանդական մեթոդների, որոնք կենտրոնանում են գույների, երկարության և ձևի վրա, ճապոնական մանիկյուրն առաջին հերթին առողջարար պրոցեդուրա է։
«Ճապոնական մանիկյուրը, ի տարբերություն սովորական մատնահարդարման, ավելի շատ ցուցված է, որպեսզի խնամի եղունգները։ Այսինքն` արտաքին ծածկույթ չի լինում եղունգի վրա։ Պարզապես մեր բնական եղունգը մշակվում է կարևոր հանքանյութերով` մեղրամոմով, կերատինային փոշիով»,- պարզաբանում է մասնագետը։

Ինչպիսի՞ տեսք է ստացվում արդյունքում
Ճապոնական մանիկյուրը հաճախ պատկերացնում են որպես «նոր տեսակի գելլաք»։ Սակայն իրականում գունավոր ծածկույթ, երկարացում, ֆրենչ կամ դիզայն չի լինում։ Փոխարենը եղունգը ստանում է թափանցիկ, բնական փայլ, ավելի խնամված տեսք և առողջ գույն։
«Հաճախ մարդիկ գալիս են ու մտածում, որ գելլաքի նման մի բան է լինելու։ Ավելի շատ գունային են պատկերացնում, բայց այն թափանցիկ է։ Մենք աշխատում ենք բնական եղունգի վրա։ Եղունգը չի երկարում և կոնկրետ ֆորմա չենք կարող տալ, պետք է տանք հենց մեր բնական եղունգի ֆորման», - նշում է մատնահարդարը։
Մասնագետն ընդգծում է, որ ճապոնական մանիկյուրն ամբողջությամբ չի փոխարինում գելլաքին նրանց համար, որոնք սիրում են ձևավորումներ կամ երկար եղունգներ, սակայն կարող է դառնալ լիարժեք այլընտրանք բնական տեսք նախընտրողների համար։
Ինչպե՞ս է կատարվում պրոցեդուրան
Ճապոնական մանիկյուրը սկսվում է եղունգի մշակմամբ ու մաքրմամբ՝ կուտիկուլաների հեռացմամբ, որից հետո կիրառվում է հատուկ կրեմային նյութ, որը գործիքներով ներմշակվում է եղունգի մակերեսում։ Վերջում այն ամրացվում է հատուկ փոշիով, ինչի արդյունքում առաջանում է բնական փայլ։
Պրոցեդուրան սովորաբար տևում է 40–60 րոպե։ Փայլը պահպանվում է մոտ երկու շաբաթ, իսկ առավել տեսանելի արդյունքը նկատվում է մի քանի այցելությունից հետո։
«Խորհուրդ է տրվում կրկնել մոտ 15 օրը մեկ։ Իսկ ավելի արտահայտված արդյունքը սովորաբար երևում է արդեն երրորդ պրոցեդուրայից հետո», - ասում է մասնագետը։
Նա նշում է, որ ճապոնական մանիկյուրի արժեքը սկսվում է մոտ 6000 դրամից։
Ովքե՞ր են ավելի հաճախ նախընտրում
Մատնահարդարի խոսքով՝ հիմնական հաճախորդները 20–40 տարեկան կանայք են։ Բացի այդ, ծառայությունից հաճախ օգտվում են այն մարդիկ, որոնց աշխատանքի բնույթը թույլ չի տալիս ունենալ գելլաք կամ վառ մատնահարդարում։
«Կան ոլորտներ, որտեղ գելլաքը ցանկալի կամ թույլատրելի չէ։ Այդ դեպքում ճապոնական մանիկյուրը շատ լավ տարբերակ է՝ ձեռքերը խնամված պահելու համար», - նշում է Լիլիթը։
Որո՞նք են հակացուցումները
Մասնագետը նշում է, որ պրոցեդուրան համարվում է անվտանգ, քանի որ օգտագործվում են սնուցող բաղադրիչներ։ Սակայն բացառություն կարող են լինել բաղադրիչների նկատմամբ ալերգիկ ռեակցիաները։
«Իսկ եթե առկա են սնկային կամ այլ բժշկական խնդիրներ, նախ պետք է դիմել բժշկի և միայն բուժումից հետո մտածել մանիկյուրի մասին», – նշում է մատնահարդարը։

