Ինչ-որ շփոթմունք կա․ Սերժ Թանկյանը հայտնել է Երևանում System of a Down-ի հնարավոր համերգի հետաձգման մասին

24.05.2026, 11:41
ԿԳՄՍ նախարարը հայտնել է  հայտնել է Երևանում SOAD-ի հնարավոր համերգի հետաձգման մասին
Ինչ-որ շփոթմունք կա․ Սերժ Թանկյանը հայտնել է Երևանում System of a Down-ի հնարավոր համերգի հետաձգման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․    System of a Down խմբի ֆրոնտմեն Սերժ Թանկյանը մեկնաբանել է Երևանում հնարավոր համերգի մասին լուրերը։

«Կարծես թե այս հարցի շուրջ որոշակի շփոթություն է առաջացել։ Մենք ծրագրում էինք ելույթ ունենալ այս տարվա հուլիսին, սակայն լոգիստիկ և ժամանակային բարդությունների պատճառով որոշեցինք հետաձգել համերգը։ Համերգի նոր ամսաթվի մասին լրացուցիչ կհայտարարվի։ Շնորհակալություն», - սոցցանցերի իր էջում հայտնել է Թանկյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում ևս անդրադարձել է Երևանում նախատեսվելիք  SOAD-ի համերգի շուրջ քննարկումներին, նշել՝ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ 

«Մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը»,-ասել է նախարարը։

Նրա խոսքով, այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։

«Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները»,-ասել է նա։

Հայաստանում SOAD-ի հուլիսյան համերգի մասին նախօրեին ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք համերգն անվճար է լինելու, ինչպես 2015 թվականին Հանրապետության հրապարակում, վարչապետը պատասխանել էր. «Հրապարակում՝ այո, անվճար՝ չգիտեմ»։

2015 թվականին System of a Down-ը Երևանում ելույթ է ունեցել ապրիլի 23-ին՝ «Wake Up The Souls» համաշխարհային տուրի շրջանակներում։ Համերգը նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ավելի ուշ Թանկյանը Երևանի ելույթն անվանել էր եզակի փորձառություն։