Հում, թե՞ տապակած. սննդաբանները պարզել են, թե որ սերմերն են իրականում օգտակար առողջությանը
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Մագնեզիումի, ցինկի և վիտամին E-ի աղբյուր փնտրելիս դիետոլոգներն ու սննդաբանները հաճախ խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել դդմի և արևածաղկի սերմեր: Սակայն պարզվում է՝ խանութներում ամենատարածված տարբերակը՝ տապակած սերմերը, կարող են ոչ միայն անօգուտ, այլև վտանգավոր լինել առողջության համար:
Սննդաբան Օլգա Յաբլոկովան պատմել է սերմերի ճիշտ օգտագործման կանոնների մասին, փոխանցում է aif-ը։
Ինչո՞ւ է հում սերմը համարվում «չեմպիոն»
Հում վիճակում սերմերը հանդիսանում են մագնեզիումի հարուստ աղբյուր, որն անհրաժեշտ է սրտանոթային և նյարդային համակարգերի որակյալ աշխատանքի, լավ քնի և ամուր իմունիտետի համար: Ընդամենը 100 գրամ հում դդմի սերմը պարունակում է մագնեզիումի օրական նորմայի ավելի քան 130%-ը (մոտ 535 մգ), իսկ արևածաղկինը՝ 325 մգ: Բացի այդ, դրանցում առկա են սրտի համար օգտակար օմեգա-6 և օմեգա-9 չհագեցած ճարպեր:
Տապակած սերմերի թաքնված վտանգները
Մասնագետների փոխանցմամբ՝ տապակման ընթացքում սերմերը կորցնում են մագնեզիումի մոտ 30%-ը, իսկ բարձր ջերմաստիճանը քայքայում է վիտամին E-ն ու հակաօքսիդանտները: Սակայն հիմնական վտանգները այլ են.
- Տրանս-ճարպերի առաջացում. 180 աստիճանից բարձր ջերմաստիճանում տաքացման և ռաֆինացված յուղերի օգտագործման հետևանքով օգտակար ճարպերը վերածվում են վնասակար տրանս-իզոմերների, որոնք բարձրացնում են «վատ» խոլեստերինի մակարդակը և խցանում անոթները:
- Ակրիլամիդի առկայություն. 120 աստիճանից բարձր տապակման դեպքում սերմերում առաջանում է ակրիլամիդ, որը դասվում է հավանական քաղցկեղածինների շարքին: Տապակած սերմերում դրա քանակը կարող է հասնել 300–500 մկգ-ի՝ մեկ կիլոգրամում, ինչը պարբերական օգտագործման դեպքում մեծացնում է քաղցկեղի ռիսկը:
- Աղի ավելցուկ. Պատրաստի տապակած սերմերը հաճախ պարունակում են մեծ քանակությամբ աղ, ինչը ծանրաբեռնում է երիկամներն ու բարձրացնում արյան ճնշումը:
Ո՞ւմ է հակացուցված այս սերմը
Սերմերի օգտագործումը (նույնիսկ հում վիճակում) խորհուրդ չի տրվում.
1. Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների (գաստրիտ, ստամոքսի խոց, պանկրեատիտ) սրացման փուլում, քանի որ ճարպերի բարձր պարունակությունը գրգռում է լորձաթաղանթը:
2. Խոլեցիստիտի և լեղաքարային հիվանդության դեպքում, քանի որ ճարպերը խթանում են լեղու արտազատումը և կարող են նոպա առաջացնել:
3. Ստամոքսի ցածր թթվայնություն ունեցողներին, ում մոտ մթերքը կարող է առաջացնել փորափքանք և ծանրության զգացում:
Ինչպե՞ս օգտագործել առավելագույն օգուտ ստանալու համար
Առողջությանը չվնասելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել բացառապես հում, չաղացած սերմեր և սահմանափակվել օրական 20-30 գրամով՝ դրանք ավելացնելով աղցանների կամ շիլաների մեջ:
Օգտակար նյութերի ավելի լավ յուրացման համար ցանկալի է սերմերը գիշերը թրջել ջրում, ինչը նվազեցնում է դրանցում առկա ֆիտինաթթվի քանակը: Իսկ եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք խրթխրթան սերմեր ուտել, ապա դրանք տապակելու փոխարեն կարող եք ընդամենը 10–15 րոպե չորացնել ջեռոցում՝ 100–120 աստիճանի տակ և առանց յուղի:

