Թեյի միջազգային օր. ինչպե՞ս գեղեցիկ կազմակերպել թեյախմությունը և զարմացնել հյուրերին նոր և ինքնատիպ բաղադրատոմսերով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ մայիսի 21-ին, աշխարհը նշում է Թեյի միջազգային օրը:
Սա հրաշալի առիթ է անդրադառնալու այս հնագույն ըմպելիքի մատուցման նրբություններին, քանի որ թեյի սեղանի շուրջ հավաքվելու ավանդույթը միշտ էլ ասոցացվել է մտերմիկ զրույցների և տան հարմարավետության հետ:
Որպեսզի թեյի սեղանը լինի կատարյալ, կարևոր է հաշվի առնել յուրաքանչյուր դետալ՝ սփռոցի ընտրությունից մինչև սպասքի դասավորությունն ու ուղեկցող քաղցրավենիքը:
Ըստ ընդունված կարգի՝ թեյի սեղանին հատուկ տեղ են զբաղեցնում մրգերը, մուրաբաներն ու տարբեր տեսակի թխվածքները, իսկ տանտիրուհու դերն այս արարողության մեջ առանցքային է:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է, թե ինչպես ճիշտ կազմակերպել թեյի սեղանն ու ինչ ինքնատիպ բաղադրատոմսերով զարմացնել հյուրերին:
Գունային ակցենտներ և քաղցրավենիքի դասավորություն
Թեյի սեղան պատրաստելիս օգտագործում են գունավոր սփռոց։ Լավ կլինի սեղանի մեջտեղը դնել մեծ պահանջ վայելող, առատ, տարբեր տեսակի մրգեր, իսկ անկյունում՝ ծաղիկներ։ Սեղանի մեջտեղում եք դնում նաև մուրաբաները, քաղցրեղենը, զանազան թխվածքներ։ Եթե մեծ սեղան եք բաց արել, խմորեղեններից ու քաղցրեղեններից դրեք սեղանի տարբեր կողմերում։ Տորթը և այն խմորեղենները, որոնք առանց կտրելու են սեղանի վրա դրվում, պետք է դրվեն սեղանի եզրին, տնտեսուհու մոտ, որ նա կտրի և հյուրին հյուրասիրի։
Սպասքի ընտրություն և մատուցման արարողակարգ
Թեյի սեղանին կարելի է դնել նաև կոնյակ ու քաղցր խմիչքներ, ինչպես նաև նախուտեստեղեն, ինչպես նաև կարագ, երշիկ, պանիր։ Թեյի սեղանի վրա յուրաքանչյուրի համար պետք է դնել մեկական ափսե՝ նախուտեստեղենի համար, ու մեկ էլ՝ դրա առջևում խմորեղենի ու հացի համար։ Վերջինս պետք է ավելի փոքր լինի։ Ափսեները կողքին պետք է դնել երկու բաժակ՝ գինու ու կոնյակի համար։ Հասկանալի է, որ բոլոր դեպքերում սպասքի թվում պետք է լինեն նաև աղանդերի հատուկ պատառաքաղ, դանակ, գդալ։ Թեյը կարելի է մատուցել և՛ գավաթներով, և՛ բաժակներով, ընդ որում սեղան նստելուց որոշ ժամանակ անց, երբ հյուրերն արդեն ճաշակել են նախուտեստեղենը։
Ինքնատիպ բաղադրատոմսեր տոնական սեղանի համար
Թեյ շամպայնով

Բաղադրիչներ
4 թ.գ. թեյ,
0,25 լ եռացրած ջուր,
0,5 կիտրոնի հյութ,
1 կիտրոնի կեղև,
շամպայն,
շաքարավազ:
Պատրաստման եղանակը
Պատրաստել թունդ թեյ, 5 րոպե անց ավելացնել շաքարավազ, կիտրոնի հյութ և մանր կտրատած կիտրոնի կեղև: Երբ թեյը կսառչի, լցնել շամպայն և մատուցել:
Ելակով թեյ

Բաղադրիչներ
0,5 լ սառը թունդ թեյ,
4 ճ.գ. ելակի մուրաբայի հյութ կամ օշարակ,
1 ճ.գ. կիտրոնի հյութ,
շաքարավազ:
Պատրաստման եղանակը
Պատրաստել թունդ թեյ, սառեցնել, ապա թեյի մեջ ավելացնել ելակի մուրաբայի հյութը կամ օշարակը: Այնուհետև լցնել կիտրոնի հյութը և լավ խառնել: Գավաթների մեջ ավելացնել շաքարավազը, թեյը, ցանկալի է ավելացնել սառույցի մի քանի կտոր և թեյը մատուցել ձողիկներով:
Թեյ «Փրփուր»

Բաղադրիչներ
1 ձվի սպիտակուց,
2 ձվի դեղնուց,
3/4 բաժակ շաքարի փոշի,
1/2 կիտրոն,
0,5 լ թունդ թեյ:
Պատրաստման եղանակը
Առանձին հարել ձվի դեղնուցը և սպիտակուցը՝ շաքարի փոշով, միացնել իրար, աստիճանաբար ավելացնել կիտրոնի հյութը: Պատրաստի եռացրած թեյի մեջ լցնել կիտրոնի կտրատած կեղևը և թեյը միացնել հարած ձվի զանգվածին: Հարել այնքան ժամանակ մինչև խիտ փրփուրի վերածվելը, այնուհետև որոշ ժամանակ տեղադրել սառը ջրի մեջ: Ըմպելիքը մատուցել սառը վիճակում:
Կանաչ թեյով լիմոնադ

Բաղադրիչներ
կանաչ թեյ՝ 4 բաժակ
ջուր՝ 2,5 բաժակ
կանաչ խնձորի խյուս՝ 250 մլ
անանուխ (տերևներ)՝ 1/4 բաժակ
Պատրաստման եղանակը
Գրաֆինի մեջ լցնել անանուխի տերևները և ավելացնել բոլոր մնացած բաղադրիչները: Դնել սառնարանը: Հետո՝ լցնել բաժակների մեջ և անանուխի տերևներով զարդարել:

