49-ամյա բուժառուն սպառնացել է շտապօգնության աշխատակիցներին՝ առաջացնելով տագնապի զգացողություն․ նրան ձերբակալել են
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Մայիսի 19-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Հայանիստ գյուղ մեկնած շտապօգնության անձնակազմին բուժառուն սպառնում է՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործողություններին», - նշված է հաղորդագրության մեջ։
Հայանիստ մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ ոչ սթափ 49-ամյա տղամարդը շտապօգնության աշխատողներից պահանջել է կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են նրանց գործառույթների հետ, հնչեցրել է սպառնալիքներ՝ շտապօգնության աշխատողների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացողություն։
49-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

