«Որևէ կոմպրոմիս որևէ օլիգարխի հետ չի կարող լինել». Պապոյանը՝ «Արարատցեմենտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ապօրինի գույքի հարցում որևէ օլիգարխի հետ որևէ կոմպրոմիս լինել չի կարող։
«Հիմա չենք հիշել։ Հիմա դատախազությունը գտել է, այսինքն` իրավական հիմքը հիմա է ստեղծվել»,- ասաց Պապոյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են հենց հիմա իշխանությունները հիշել «Արարատցեմենտ» գործարանում տիրող իրավիճակի մասին։
Նրա խոսքով՝ եթե դա հաստատված լիներ այլ տարիներին, այդ ժամանակ էր արվելու։
«Եթե որևէ մեկին թվում է, թե դեռ իր ապօրինի գույքի հետից չենք գնացել, դա երաշխավորում է, որ 2028-ին չենք գնալու, նրանք սխալվում են։ Բոլոր ապօրինի գույքերի հետևից էլ գնալու ենք, որովհետև այդտեղ որևէ կոմպրոմիս որևէ օլիգարխի հետ չի կարող լինել»,- նշեց Պապոյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ «Արարատցեմենտ» գործարանը ենթակա է պետականացման, և առաջիկայում գործարանում կնշանակվի կառավարիչ:
Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հայտնեց 2002 թվականին ընկերության սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված խախտումների և Հակակոռուպցիոն կոմիտե հաղորդում ներկայացնելու մասին։

