Ծնողական ժամ և ճկուն գրաֆիկ մանկահասակ երեխաներ ունեցող ծնողների համար. առաջարկվում է ներդնել «ծնողական ժամ» հասկացությունը

21.05.2026, 14:03
Մինչև 12 տարեկան կամ հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաների ծնողները կստանան «ծնողական ժամի» իրավունք՝ աշխատանքից բացակայելու և աշխատավարձը պահպանելու հնարավորությամբ
Ծնողական ժամ և ճկուն գրաֆիկ մանկահասակ երեխաներ ունեցող ծնողների համար. առաջարկվում է ներդնել «ծնողական ժամ» հասկացությունը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում առաջարկվում է սահմանել «ծնողական ժամ» հասկացությունը, հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

«Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ խնամքի մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խոր կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում` խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը իրավունք ունենան օգտվել «ծնողական ժամ»-ից, այն է` բացակայել աշխատանքից աշխատավարձի պահպանմամբ», - նշեց Սմբատյանը կառավարության նիստի ժամանակ:

Փոխնախարարը հայտնեց, որ մինչև 2 երեխա ունեցող ծնողին «ծնողական ժամը» կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ, 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 1 ժամ, իսկ մինչև 18 տարեկան հաշմանդամության սահմանափակումով երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 1 ժամ՝ անկախ երեխաների թվից», - ասաց Սմբատյանը:

«Առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը, աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղման հնարավորությունների ընդլայնմանը», - ասաց Սմբատյանը:

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին: