«Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավորապես կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից

21.05.2026, 10:05
«Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թ․-ի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ  կմտցնի Հայաստանում աճեցվող և առաքվող ծաղկային արտադրանքի ներմուծման նկատմամբ
«Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավորապես կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ռոսսելխոզնադզոր»-ը (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) 2026 թ․-ի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանում աճեցվող և առաքվող ծաղկային արտադրանքի ներմուծման նկատմամբ։

Ինչպես ասվում է գերատեսչության կայքում, որոշումն ընդունվել է Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգության ու արտահանման ներուժը պաշտպանելու համար, և այն կգործի մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։

Ըստ Ռոսսելխոզնադզորի՝ չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացրած երաշխիքներին, ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։

«96,2 մլն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ժամանակ հայտնաբերվել է 135 դեպք։ Սա կազմում է ողջ 2025 թ․-ի ընթացքում հայտնաբերումների ընդհանուր քանակի 77%-ը»,— նշվում է հայտարարության մեջ։

ՌԴ կողմից ներկայացվող դժգոհությունների մասին

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից պահպանվում են դժգոհությունները Հայաստանից ստացվող բուսական և կենդանական ծագման արտադրանքի մի մասի վերաբերյալ՝ մատնանշելով դրանց ծագման հետ կապված կասկածները և հայտնաբերված խախտումների թվի աճը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին հատկապես նկատելիորեն աճել են ապրանքների առանձին կատեգորիաների, այդ թվում՝ ծաղիկների մատակարարումները, ինչը պահանջել է բուսասանիտարական հսկողության խստացում։ Որպես հնարավոր լուծում նա անվանել էր ԵԱՏՄ շրջանակում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը՝ արտադրանքի լիարժեք հետագծելիությունն ապահովելու համար։