ֆինանսական 4 միֆ, որին հավատում են գրեթե բոլորը, այդ թվում՝ հայերը
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Եթե արհեստական բանականությունը գոյություն ունենար Հին Բաբելոնում, նրան հաստատ կտային մարդկության ամենահանրաճանաչ հարցերից մեկը. «Ինչպե՞ս դառնալ հարուստ»։ Ամենայն հավանականությամբ, այն տասնյակ խորհուրդներ, գրաֆիկներ ու հաշվարկներ կներկայացներ: Բայց գլխավոր պատասխանը կարող էր տեղավորվել ընդամենը մեկ տողում. խնդիրը միշտ չէ, որ փողի քանակի մեջ է, այլ այն բանի, թե ինչպես է մարդն այն կառավարում:
Թեև այսօր թվում է, թե այդ խնդիրն առաջացել է մարկետփլեյսների ու օնլայն վճարումների հետ մեկտեղ, սակայն մարդիկ դրա մասին մտածել են ի սկզբանե: Այս հարցի պատասխանը հարյուր տարի առաջ առաջարկել է Ջորջ Քլեյսոնն իր «Բաբելոնի ամենահարուստ մարդը» գրքում, որը դարձել է ֆինանսական ինքնակրթության ամենաազդեցիկ գրքերից մեկը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը որոշել է պարզել, թե ինչ էր մտածում փողի մասին բեսթսելերի հերոսը՝ Բաբելոնի հարուստը, և որտեղ է այստեղ միֆը, իսկ որտեղ՝ իրականությունը:
Միֆ 1. Նախ պետք է սկսել շատ վաստակել, իսկ հետո միայն մտածել խնայողությունների մասին։ Տրամաբանությունը ծանոթ է հնչում. ահա երբ եկամուտս աճի, այն ժամանակ էլ կսկսեմ խնայել: Բայց խնդիրն այն է, որ եկամուտների հետ միասին սովորաբար աճում են նաև ծախսերը:
Պարզ փորձ. հիշեք, թե որքան գումար էր ձեզ բավարար թվում հինգ տարի առաջ:
Քլեյսոնն իր հերոս Արկադի միջոցով պարզ էր ասում. սկզբում քեզ պահիր տասից գոնե մեկ մետաղադրամը:
Ժամանակակից մեկնաբանություն. կարևոր չէ՝ դա հազար դրամ է, թե հարյուր հազար, խնայելու սովորույթն ավելի կարևոր է, քան գումարի չափը:
Փորձեք «սկզբում՝ քեզ համար» կանոնը: Գումարը ստանալուն պես՝ անմիջապես մի կողմ դրեք դրա մի մասը, այլ ոչ թե սպասեք, որ ամսվա վերջում ինչ-որ բան կավելանա:
Միֆ 2. Փոքր ծախսերը չեն ազդում բյուջեի վրա Սուրճի մեկանգամյա գնումը մանրուք է թվում: Մեկ առաքումը՝ նույնպես: Բաժանորդագրությունը՝ «ընդամենը մի քանի հազար դրամով», անվնաս տեսք ունի:
Բայց կա մի ֆինանսական էֆեկտ, որը կարելի է անվանել «դրամի արտահոսք». փողերը անհետանում են ոչ թե մեկ մեծ գումարով, այլ տասնյակ փոքր վճարումներով: Իսկ հիմա, հանուն փորձի, բացեք վերջին յոթ օրվա վճարումների պատմությունը: Երբեմն արդյունքները զարմացնում են նույնիսկ շատ խնայողաբար ծախսող մարդկանց:
Միֆ 3. Եթե փողերը մնում են անշարժ, դա ավելի անվտանգ է։ Պահուստ ունենալը կարևոր է: Բայց փողերը, որոնք պարզապես տարիներով պահ են տրված առանց նպատակի, չեն օգնում ֆինանսապես աճել:
Միևնույն ժամանակ այստեղ կա մի կարևոր պահ. արագ վաստակելու ցանկությունը հաճախ մարդկանց մղում է մեկ այլ ծայրահեղության՝ կասկածելի սխեմաների, որոնք գերշահույթներ են խոստանում:
Եթե ձեզ ասում են՝ «երաշխավորված կվաստակես արագ և առանց ռիսկի», դա արդեն զգուշանալու առիթ է:
Ուստի, նախքան ֆինանսական որոշում կայացնելը, ինքներդ ձեզ երեք հարց տվեք.
- հասկանո՞ւմ եմ արդյոք, թե ինչպես է դա աշխատում,
- հասկանո՞ւմ եմ ռիսկերը,
- հասկանո՞ւմ եմ, թե որտեղից է գոյանում շահույթը:
Եթե թեկուզ մեկ հարցի պատասխանել եք «ոչ», արժե թեման ավելի մանրամասն ուսումնասիրել:
Միֆ 4. Ապագայի մասին մտածելը տարիքով մարդկանց խնդիրն է։ Թվում է, թե կենսաթոշակը, խնայողությունները կամ ֆինանսական բարձիկը շատ հեռավոր ապագայում գտնվող մի բան են: Բայց փողն ունի մի առանձնահատկություն. ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր սկսում են ավելի վաղ:
Նույնիսկ տարիների ընթացքում արվող փոքր, կանոնավոր խնայողություններն ունակ են տալ այնպիսի արդյունք, որը դժվար է ստանալ մեկ կտրուկ ջանքով:
Փորձեք պատկերացնել ձեզ ոչ թե մեկ շաբաթից, այլ՝ հինգ տարի անց: Ֆինանսական կրթվածությունը խոսակցություն է ոչ միայն այսօրվա, այլև ապագայի ձեր ես-ի հետ:
Եվ վերջում՝ Բոնուս-հարց
Ի՞նչն է ավելի կարևոր.
ա) բարձր եկամուտը
բ) ֆինանսական սովորույթները
Ճիշտ պատասխանն է. Բարձր եկամուտն օգնում է, բայց ֆինանսական սովորույթներն են որոշում, թե ինչ կլինի դրա հետ հետագայում:
Որպես ամփոփում
Թերևս Հին Բաբելոնի գլխավոր դասն այսօր կհնչեր այսպես. ֆինանսական կրթվածությունը հաճույքներից զրկանքի կամ մշտապես տնտեսման ռեժիմով ապրելու մասին չէ:
Դա այն բանի ընկալումն է, թե ուր են գնում փողերը, և ինչպիսին եք տեսնում ձեր ապագան: Հենց այդպիսին էլ հանդիսանում է ֆինանսական կրթվածության հիմքը:
Այն կառուցվում է ոչ թե հաջողության, այլ կարգապահության վրա: «Բաբելոնի ամենահարուստ մարդը» գիրքը հիշեցնում է. հարստությունը հասանելի է ոչ միայն նրանց, ովքեր արդեն շատ ունեն, այլև նրանց, ովքեր գիտեն քայլ առ քայլ կառուցել ճիշտ ֆինանսական սկզբունքներ:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

