Ճեղք գիտելիքների և պրակտիկայի միջև. ինչպես է փոխվում ֆինանսական կրթվածությունը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է «Ֆինանսական կարողությունների ազգային բարոմետրի» երրորդ հետազոտության արդյունքները (Ֆինանսական կրթման ծրագիր (ՖԿԾ) 2025), որոնք արտացոլում են բնակչության ֆինանսական գիտելիքների, հմտությունների և վարքագծի մակարդակը 2014-2024թթ. ժամանակահատվածում։
Ծրագիրն ունի 20-ամյա հեռանկար և անցկացվում է 4 փուլով։ ՖԿԾ-2025-ն անցկացվել է 18 տարեկանից բարձր 1535 հարցվածների շրջանում՝ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում։ Հետազոտության նպատակն է բնակչության ֆինանսական կարողությունների ընթացիկ մակարդակի գնահատումը, նախորդ փուլերի (2014–2019թթ. և 2021–2024թթ.) արդյունքների հետ համեմատությունը, ինչպես նաև 2027–2031 թվականների համար ֆինանսական կրթության քաղաքականության առաջնահերթությունների ձևավորումը:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հարցման արդյունքների հիմնական ընտրանին, որը ցույց է տալիս ինչպես ձեռքբերումները, այնպես էլ բացթողումները բնակչության ֆինանսական կրթության հարցում։
Ֆինանսական ծառայություններից օգտվելու աճը 2014-2025 թթ.
Հետազոտության տվյալների համաձայն՝ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն ավելացել է ֆինանսական ծառայություններից օգտվելու ցուցանիշը։ Եթե 2014 թվականին առնվազն մեկ ֆինանսական ծառայությունից օգտվում էր հարցվածների 66%-ը, ապա 2019 թվականին՝ 85%-ը, իսկ 2025 թվականին՝ արդեն 98%-ը։
Աճին նպաստել են թոշակառուներին տրվող հետվճարը (քեշբեք) անկանխիկ գործարքների համար, կանխիկ գործարքների նկատմամբ օրենսդրական խիստ սահմանափակումները, կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումները, էլեկտրոնային առևտրի թռիչքաձև զարգացումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների թվի աճը։

Վստահություն ֆինանսական համակարգի նկատմամբ
2014 թվականից արձանագրվում է վստահության կայուն աճ ֆինանսական համակարգի ինստիտուտների՝ Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, վճարային համակարգերի, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների և ֆինանսական համակարգի հաշտարարի նկատմամբ։ Միակ մշտական բացառությունը վարկային կազմակերպություններն են։ Վստահության ցուցանիշների ամենամեծ աճը գրանցվել է Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի նկատմամբ՝ դիտարկվող ժամանակահատվածում մոտ 75%-ով։
Պլանավորում և ֆինանսական վարքագիծ
Ֆինանսական պլանավորումը կարևորող հարցվածների մասնաբաժինը 2014–2025 թվականներին մնացել է բարձր և տատանվել 83–90% միջակայքում։ Ընդ որում, նրանց թիվը, ովքեր իրականում կիրառում են պլանավորումը գործնականում, զգալիորեն աճել է. համոզմունքների և վարքագծի միջև բացը 2014 թվականի 33%-ից կրճատվել է մինչև 10%՝ 2025 թվականին։
Ապահովագրական ծառայությունների օգտագործում
Ապահովագրական պրոդուկտների մասին իրազեկվածությունը 2014 թվականի 6,1%-ից աճել է մինչև 95%՝ 2025 թվականին։ Ապահովագրական ծառայություններից փաստացի օգտվողների մասնաբաժինն աճել է 2,7%-ից մինչև 28%։ Ամենատարածվածը շարունակում են մնալ ԿԱՍԿՈ-ն և ԱՊՊԱ-ն։

Խնայողություններ և ավանդներ
2025 թվականին խնայողությունների առկայության մասին նշել է հարցվածների 39%-ը՝ 2014 թվականի 14%-ի դիմաց։ Ընդ որում, 87%-ը խնայողությունները համարում է լրացուցիչ եկամուտ ստանալու գործիք։ Միևնույն ժամանակ, 58%-ը դեռևս խնայողությունները պահում է տանը՝ դա բացատրելով անվտանգության նկատառումներով կամ միջոցների փոքր ծավալով (2019 թվականին՝ 67%)։
Բանկային ավանդներ ունեցող անձանց մասնաբաժինը 2014 թվականի 5%-ից աճել է մինչև 11%՝ 2025 թվականին։ Միաժամանակ բարձրացել է ավանդների պայմանների ընկալման մակարդակը. 2025 թվականին հարցվածների 81%-ը կարողացել է նշել առնվազն մեկ պարամետր, որը նրանք վերլուծում են ավանդն ընտրելիս՝ 2019 թվականի 62–63%-ի դիմաց։
Վերաբերմունքը կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ
Այն քաղաքացիների մասնաբաժինը, ովքեր պարտադիր կենսաթոշակային վճարներն ընկալում են որպես խնայողության ձև, 2014 թվականի 16%-ից աճել է մինչև 54%՝ 2025 թվականին։ Առանցքային գործոն է դարձել կենսաթոշակային հաշվի ցուցանիշներին և միջոցների կառավարման եկամտաբերությանը կանոնավոր հետևելու հնարավորությունը։
Պարտքային վարքագիծ
Պարտքային պարտավորություններ ունեցող հարցվածների մասնաբաժինը 2014 թվականի 42%-ից աճել է մինչև 56%՝ 2025 թվականին։ Ընդ որում, աճել է նրանց մասնաբաժինը, ովքեր փոխառու միջոցները ձևակերպում են ֆինանսական հաստատությունների միջոցով՝ 53%-ից մինչև 74%։ Աճը բացատրվում է վարկերի, նախևառաջ սպառողական վարկերի ստացման ընթացակարգերի պարզեցմամբ։

Տեղեկատվության վերլուծություն և ֆինանսական ռիսկեր
Այն հարցվածների թիվը, ովքեր հավաքում և վերլուծում են տեղեկատվությունը ֆինանսական որոշումներ կայացնելուց առաջ, 2014 թվականի 19%-ից աճել է մինչև 37%՝ 2025 թվականին։
Ֆինանսական զեղծարարությունների մասին իրազեկվածության աճ
Ֆինանսական զեղծարարության մասին իրազեկվածությունը նույնպես աճել է. եթե 2014 թվականին զեղծարարության առնվազն մեկ տեսակի մասին գիտեր հարցվածների 42%-ը, ապա 2025 թվականին՝ 55%-ը։ Ամենահաճախը հիշատակվել են ինտերնետային զեղծարարությունը (24%), բանկային քարտերի տվյալների գողությունը (20%), հեռախոսային զեղծարարությունը (13%) և չափազանց բարձր եկամտաբերությամբ ներդրումային առաջարկները (6%):
Խնդրահարույց գոտիներ
Չնայած դրական դինամիկային, հետազոտությունն արձանագրում է մի շարք կայուն սահմանափակումներ։
Դրանց թվում է ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունների տեսակների մասին ցածր իրազեկվածությունը։ Այսպես, հարցվածների 88%-ը շարունակում է ֆինանսական ծառայություններն ասոցացնել բացառապես բանկերի, վարկային կազմակերպությունների և գրավատների հետ։ Ընդ որում, միայն 2%-ն է նման կազմակերպություններին դասում ապահովագրական ընկերությունները, իսկ կենսաթոշակային ֆոնդերը՝ ընդամենը 0,2%-ը։
Ռիսկի և եկամտաբերության միջև փոխկապակցվածության ընկալման մակարդակը մնում է անփոփոխ. 2014–2025 թվականներին նման կարծիք է ունեցել հարցվածների 65–66%-ը։

Կողմնորոշումը դեպի խնայողություններ նույնպես գրեթե չի փոխվել՝ 49%՝ 2019 թվականին և 50%՝ 2025 թվականին։
Նվազել է արժեթղթերի մասին գիտելիքների մակարդակը. եթե 2014 թվականին դրանց առնվազն մեկ տեսակ կարող էր նշել հարցվածների 45%-ը, ապա 2025 թվականին՝ 25%-ը։
Նրանց մասնաբաժինը, ովքեր ստորագրելուց առաջ ամբողջությամբ կարդում են պայմանագիրը, կրճատվել է 47%-ից մինչև 44%։
Եվ հարցվածների միայն 28%-ն է կարողացել ճիշտ կատարել տոկոսների հաշվարկման պարզ առաջադրանքը։
Ընդհանուր եզրակացություններ
ՖԿԾ-2025-ի արդյունքները մատնանշում են գիտելիքների, հմտությունների և փաստացի վարքագծի միջև պահպանվող բացը։ Բնակչության գիտելիքների ինդեքսը կազմում է 32%, մինչդեռ վարքագծի ինդեքսը՝ 62%։ 2014–2025 թվականների ընթացքում վարքագծի ինդեքսն աճել է 18,3 տոկոսային կետով, մինչդեռ գիտելիքների ինդեքսն՝ ընդամենը 2,7 տոկոսային կետով։
Հայաստանում ֆինանսական ծառայությունների օգտագործումն ընդլայնվում է ավելի արագ, քան ձևավորվում է համապատասխան գիտելիքների բազան։ Սա բարձրացնում է ֆինանսական կրթության ծրագրերի հետագա զարգացման կարևորությունը, որոնք ուղղված են լինելու, նախևառաջ, ֆինանսական գործիքների, ռիսկերի և որոշումների կայացման սկզբունքների ընկալման խորացմանը։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

