Վաճառել՝ առանց վաճառելու․ ինչպես է աշխատում հետադարձ հիփոթեքը և ում կարող է հարմար լինել

20.04.2026, 11:01
«Նովոստի-Արմենիա»-ն պարզաբանում է՝ սա կյանքի որակը բարելավելու հնարավորությո՞ւն է, թե՞ ռիսկ, որ կմնաք առանց ժառանգության
Վաճառել՝ առանց վաճառելու․  ինչպես է աշխատում հետադարձ հիփոթեքը և ում կարող է հարմար լինել

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Պատկերացրեք՝ դուք ունեք բնակարան Երևանում, սակայն կենսաթոշակը հազիվ է բավականացնում ամենօրյա ծախսերին։ Բնակարանը վաճառելը տարբերակ չէ, վարձակալության հանձնելը՝ միշտ չէ, որ հարմար է։ Նման դեպքերում աշխարհում կիրառվում է մի գործիք, որն ունի անվանում՝ հետադարձ հիփոթեք։ Հայաստանում այն դեռևս քննարկվում է, սակայն այժմ կարևոր է դրա մասին հնարավորինս շատ բան իմանալ։ «Նովոստի-Արմենիա»-ն պարզաբանում է՝ սա կյանքի որակը բարելավելու հնարավորությո՞ւն է, թե՞ ռիսկ, որ կմնաք առանց ժառանգության։

Պատմություն, որը կարող է իրականություն դառնալ

Պատկերացրեք՝ տարեց անձը, կենսաթոշակառուն, միայնակ ապրում է իր բնակարանում։ Տունը նրա հիմնական ակտիվն է, սակայն, որպես ապրուստի միջոց, «ձեռքի տակ» ունի միայն կենսաթոշակը։ Եթե Հայաստանում արդեն գործեր հետադարձ հիփոթեքը, նա կարող էր պայմանագիր կնքել բանկի հետ և ստանալ, օրինակ, ամսական վճարումներ՝ շարունակելով ապրել իր տանը։ Ընդ որում, կենդանության օրոք նա ստիպված չէր լինի վերադարձնել գումարը։ Նրա մահից հետո երեխաները կարող էին կամ հետ գնել բնակարանը՝ մարելով պարտքը, կամ հրաժարվել դրանից։

Պարզ ասած՝ ինչպե՞ս է այն աշխատում

ипотека ошибки

Հետադարձ հիփոթեքը «հակադարձ վարկ» է.

·        Սովորաբար դուք եք վճարում բանկին բնակարանի համար.

·        Այստեղ բանկն է վճարում ձեզ՝ ձեր բնակարանի համար։

Բայց կա մի նրբություն՝ պարտքը ոչ մի տեղ չի անհետանում, այն ժամանակի ընթացքում աճում է տոկոսների հաշվին։

Ի՞նչ եք դուք ստանում

·        Լրացուցիչ եկամուտ (միանվագ կամ ամսական).

·        Ձեր բնակարանում մինչև կյանքի վերջ ապրելու իրավունք.

·        Բարդ իրավիճակում բնակարանը չվաճառելու հնարավորություն։

Իսկ ի՞նչ եք տալիս

·        Բնակարանի արժեքի մի մասը կամ ամբողջը՝ ապագայում.

·        Հնարավոր ժառանգությունը երեխաների համար.

·        Վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ. ամեն ինչ կախված է պայմանագրի պայմաններից։

Կարևոր նկատառում

Հետադարձ հիփոթեքը սոցիալական օգնություն կամ «անվճար գումար» չէ։ Սա ֆինանսական պրոդուկտ է, որի դեպքում այսօրվա հարմարավետության համար վճարում եք վաղվա ակտիվով։

Հարցրել եք՝ պատասխանում ենք

Հնարավո՞ր է կենդանության օրոք կորցնել բնակարանը

Նման ծրագրերի տրամաբանությամբ՝ անձը շարունակում է ապրել իր բնակարանում մինչև կյանքի վերջ, սակայն միայն մի շարք պայմանների պահպանման դեպքում. բնակարանը պետք է լինի հիմնական բնակության վայրը, անհրաժեշտ է վճարել կոմունալ ծառայությունների համար և տունը պահել պատշաճ վիճակում։ Այս պայմանների խախտման դեպքում վարկը կարող է ենթակա լինել մարման։

Արդյո՞ք պետք է ամեն ամիս որևէ բան վճարել բանկին

Ո՛չ։ Հենց սա է տարբերությունը. վճարումներ չեն պահանջվում, պարտքը կուտակվում է։

ипотека ошибки

Ի՞նչ կլինի բնակարանի հետ սեփականատիրոջ մահից հետո

Վարկառուի մահից հետո պարտքը ենթակա է մարման. ժառանգները կարող են վաճառել բնակարանը՝ պարտքը մարելու համար, կամ մարել այն այլ եղանակով և պահպանել բնակարանը։

Ո՞ւմ կարող է սա ձեռնտու լինել

Նրանց, ովքեր ունեն բնակարան, բայց չունեն բավարար ընթացիկ եկամուտներ, օրինակ՝ կենսաթոշակառուներին, ովքեր չեն ստանում ընտանիքի աջակցությունը։

Իսկ ո՞ւմ՝ ոչ

Նրանց, որոնց համար սկզբունքային է բնակարանը երեխաներին Ժառանգություն թողնելը կամ ովքեր պատրաստ չեն խորամուխ լինել բարդ ֆինանսական պայմանների մեջ։

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել

Նախքան նման պայմաններին համաձայնելը, կարևոր է՝

·        Քննարկել որոշումը ընտանիքի հետ.

·        Ուշադիր ուսումնասիրել պայմանագիրը.

·        Հասկանալ, թե ինչպես է պարտքը ժամանակի ընթացքում աճում.

·        Բանկին տալ բոլոր «անհարմար» հարցերը։

Ինչո՞ւ են այդ մասին խոսում հիմա

ипотека ошибки

Հայաստանում մարդկանց մեծամասնությունն ունի անշարժ գույք, սակայն նրանց եկամուտները մնում են սահմանափակ։ Հետադարձ հիփոթեքը կարող է դառնալ միջոց՝ բնակարանի արժեքի չափ գումար ձեռք բերելու համար՝ առանց այն վաճառելու։ Սակայն գլխավոր հարցը մնում է նույնը. պատրա՞ստ եք արդյոք փոխանակել ապագա ակտիվի մի մասը այսօրվա ֆինանսական կայունության հետ։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։