Պատրա՞ստ եք արդյոք ներդրումներ կատարել. փաստերի ստուգում՝ 4 կետով
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/. Ներդրումներ անելու ցանկությունը հաճախ ավելի շուտ է հայտնվում, քան ի հայտ կգա դա անելու պատրաստակամությունը։ Եվ դա նորմալ է։
Ինչպես ցույց է տվել անձնական ֆինանսների մասին «Ֆինիկի» Telegram-ալիքի շուրջ 300 մասնակիցների շրջանում անցկացված հարցումը, միայն 13%-ն է լիովին պատրաստ ներդրումներ անելուն։ Եվս 9%-ը նշել է, որ իրենց պակասում է մեկ-երկու քայլ, 15%-ն արդեն ներդնում է գումար, բայց խոստովանում է, որ դա անում է տագնապով։ Իսկ 66%-ը պատրաստվում է նախ մարել պարտքերը ու ստեղծել ֆինանսական «անվտանգության բարձիկ»։ Սկզբունքորեն, սա տրամաբանական մոտեցում է։
Ներդրումները առաջին քայլը չեն
Շատերը լսել են պատմություններ այն մասին, թե ինչպես են մարդիկ գումար վաստակում բաժնետոմսերի, անշարժ գույքի կամ արժույթի միջոցով։ Ցանկություն է առաջանում հնարավորինս արագ ներգրավել ներդրումային գործընթացում։ Սակայն ֆինանսական գրագիտության հիմնական սկզբունքը պարզ է. ներդրումները առաջին քայլը չեն։ Դրանք աշխատում են այն ժամանակ, երբ դրանց տակ կա ամուր հիմք։
Առանց դրա՝ ֆոնդային շուկան կարող է դառնալ ոչ թե աճի գործիք, այլ մշտական սթրեսի աղբյուր։ Պորտֆելի ցանկացած ժամանակավոր անկում սկսում է ընկալվել որպես աղետ, թեև իրականում դա ներդրումային գործընթացի բնականոն մասն է կազմում։

Չորս հարց, որոնք արժե տալ ինքներդ ձեզ
Նախքան բրոքերային հաշիվ բացելը, ազնվորեն պատասխանեք դրանցից յուրաքանչյուրին.
1. Ունե՞մ արդյոք «անվտանգության բարձիկ»։ Սա այն գումարն է, որը դրված է առանձին ծախսերի ինքնածախսածածկման համար՝ առանց եկամտի ակնկալիքի։ Վարձու աշխատողների համար նվազագույնը 3 ամիս է, ֆրիլանսերների և ինքնազբաղվածների համար՝ ցանկալի է 6 և ավելի։ Եթե այս գումարը չկա, ներդրումները կարող են սպասել։
2. Որքանո՞վ է կանխատեսելի իմ եկամուտը։ Եթե կա ռիսկ, որ վաղը գումարը կարող է խիստ անհրաժեշտ լինել, դուք կարող է ստիպված լինեք վաճառել ակտիվները ոչ հարմար պահի, այդ թվում՝ գների անկման ժամանակ։ Դա կոչվում է «վնասի արձանագրում»։
3. Ունե՞մ արդյոք «թանկ» պարտքեր։ Սպառողական վարկերը, միկրովարկերը, վարկային քարտերի պարտքերը. այս ամենն ավելի լավ է մարել առաջնահերթ կարգով։ Դրանց տոկոսադրույքները, որպես կանոն, ավելի բարձր են, քան ներդրումներից ակնկալվող հնարավոր ողջամիտ եկամտաբերությունը։ Շուկայական տոկոսադրույքով հիփոթեքը կամ ավտովարկը այլ հարցեր են. դրանք պարտադիր չէ, որ խոչընդոտեն ներդրումներ կատարելիս։
4. Պատրա՞ստ եմ հոգեբանորեն նրան, որ պորտֆելը կարող է «անկում գրանցել»։ Շուկաները չեն աճում «ուղիղ գծով»։ Ակտիվների արժեքի ժամանակավոր նվազումը սխալ չէ և ազդանշան չէ «ամեն ինչ վաճառելու» համար։ Եթե անձը դրան հոգեբանորեն պատրաստ չէ, ներդրումները կարող են ոչ թե եկամուտ, այլ տագնապ հարուցել։

Պատրաստվածության ստուգաթերթ (Check-list)
· «Անվտանգության բարձիկ»՝ կա
· Եկամուտը կանխատեսելի է
· «Թանկ» պարտքեր չկան
· Անկումներին հոգեբանորեն պատրաստ եմ
Եթե բոլոր չորս կետերին պատասխանել եք «այո», կարելի է առաջ շարժվել։ Եթե՝ ոչ, ապա դա ձախողում չէ կամ չի նշանակում «երբեք» չփորձել։ Դա պարզապես նշանակում է, որ հենց հիմա ավելի կարևոր է ստեղծել հիմքը։ Դա նույնպես ֆինանսական աշխատանք է, ընդ որում՝ շատ կարևոր։
Նշենք, որ հարցումը ներկայացուցչական չէ, սակայն ցույց է տալիս, որ ալիքի շատ հարցվածներ ներդրումներ կատարելու պատրաստակամությունը կապում են ոչ միայն գումար ներդնելու ցանկության, այլև ֆինանսական հենարանի առկայության հետ։
Եվ սա կյանքը ապագային թողնել չէ, այլ առաջին քայլը՝ դեպի ավելի հանգիստ ու գիտակցված ֆինանսական որոշումներ։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»-ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։

