Բոլոր պացիենտները դուրս են գրվել․ նախարարը՝ Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքերի մասին

29.04.2026, 15:21
Բյուրեղավան համայնքից աղիքային վարակով հոսպիտալացված պացիենտների վիճակ բավարար է, նրանք բոլորը դուրս են գրվել
Բոլոր պացիենտները դուրս են գրվել․ նախարարը՝ Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Բյուրեղավան համայնքից աղիքային վարակով հոսպիտալացված պացիենտների վիճակ բավարար է, նրանք բոլորը դուրս են գրվել։

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա հայտնել է, որ շատ արագ կերպով ջրի մաքրման և այլ աշխատանքները համապատասխան կառույցների և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ իրականացվել է։

Ավանեսյանի խոսքով՝ կանխարգելիչ աշխատանքներն իրականացվում են անմիջապես բռնկումն ի հայտ գալուց հետո։

«Հենց որևէ կասկածի դեպք է լինում, այդ ժամանակից սկսած աշխատաներն ընթանում են, թե՛ «Վեոլիա Ջուր»-ի հետ, թե՛ նաև այլ պետական կառույցների՝ տեսչական մարմինների, համայնքի հետ՝ ապահովելու համապարփակ միջոցառումների իրականացումը», - նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, որ Բյուրեղավանում իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Կենտրոնից հայտնել են, որ կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ն տեղեկացրել է, որ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

Ինչպես նշվել է «Վեոլիա ջուր» ընկերության հաղորդագրության մեջ, այդ պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել։ Նշվում է, որ կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, իսկ վարակազերծման աշխատանքներն ընկերության կողմից իրականացվել և իրականացվում են պատշած կերպով։ 

Հիշեցնենք, որ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։ Ինչպես հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։