Ռոտավիրուս, ադենովիրուս․ Բյուրեղավանում իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ

28.04.2026, 12:29
Բյուրեղավանում աղիքային վարակի հետքերով․ խմելու ջրի մեջ հայտնաբերվել են մանրէներ
Ռոտավիրուս, ադենովիրուս․ Բյուրեղավանում իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։

Ինչպես հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: 

«Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։ Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են», – նշվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։ 

Նշվում է նաև, որ ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։ 

Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել: 

Ավելի վաղ հայտնել էինք, «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ն տեղեկացրել է, որ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

Ինչպես նշվել է «Վեոլիա ջուր» ընկերության հաղորդագրության մեջ, այդ պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել։ Նշվում է, որ կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, իսկ վարակազերծման աշխատանքներն ընկերության կողմից իրականացվել և իրականացվում են պատշած կերպով։ 

Հիշեցնենք, որ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։ Ինչպես հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։