Ծառուկյանի Multi Wellness մարզասրահի շենքն անցել է քաղաքապետարանին, շարունակելու է գործել․ Ավինյան

16.07.2026, 17:34
Գագիկ Ծառուկյանին պատկանող Multi Wellness Center մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Ծառուկյանի Multi Wellness մարզասրահի շենքն անցել է քաղաքապետարանին, շարունակելու է գործել․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Multi Wellness Center մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։

Այս տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այո՛, հաստատում եմ։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Համապատասխանաբար, պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Դրա վերաբերյալ հետագա հայտարարություններ անպայման կլինեն», – ասել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ արձանագրված խախտումները հայտնի են եղել դեռևս մեկ տարի առաջ։

«Խախտումներն արձանագրվել են դեռևս, եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ։ Տարբեր քննարկումներ ենք ունեցել իրենց հետ, սակայն լուծումներ այդպես էլ չեն գտնվել, և այդ լուծումները չգտնելուց հետո արդեն վերջնական որոշումներ են կայացվել», – նշել է քաղաքապետը։

Արդյո՞ք որոշումը կապված է Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումների՝ ԱԱԾ գործողությունների և քրեական գործերի հետ, քաղաքապետը հարցին հետևյալ կերպ է պատասխանել․ «Ո՛չ, կապ չունեն։ Կոնկրետ այս գործընթացը սկսել է շատ ավելի վաղ, և այս գործընթացը, անկախ որևէ այլ պրոցեսից, տեղի էր ունենալու»։

Քաղաքապետը հայտնել է, որ շենքը նախատեսվում է օգտագործել որպես մարզման կենտրոն՝ հաշվի առնելով նաև սոցիալական բաղադրիչը։

«Այդ շենքի հետ կապված մենք անպայման դեռ կանդրադառնանք հարցին։ Մենք այնտեղ ունենք մարզվողներ, որոնց իրավունքները, կարծում եմ, պետք է պաշտպանենք։ Կարծում եմ՝ այն շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով», – ասել է Ավինյանը։

Հարցին՝ արդյո՞ք այն կարող է դառնալ համայնքային վճարովի մարզասրահ, քաղաքապետը պատասխանեց․ «Այն դառնում է հենց համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներով»։

Նշենք, որ կապարակնքված են նաև Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատը, Multi Grand և Multi Rest House հյուրանոցները, Multi Wellness մարզաառողջարանային համալիրը, Multi Stone քարի վերամշակման ձեռնարկությունը, որոնք կապված են Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» հոլդինգի հետ։ Այս ձեռնարկությունների աշխատակիցները մի քանի օր բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ պահանջելով վերսկսել աշխատանքը։

Մի քանի օր պարապուրդի մեջ էր նաև «Արարատցեմենտ» գործարանը։ Հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին միջնորդությունը։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ երկու ամիս ժամկետով, խարդախության և փողերի լվացման գործով։

Կարդացեք նաև․ «Մարզվում ենք ասֆալտի վրա»․ «Օլիմպավանի» սաներն ու մարզիչները պահանջում են բացել մարզական համալիրը