«Արարատցեմենտի» բաժնետոմսերի կառավարումը փոխանցվել է պետությանը՝ Ծառուկյանի գույքի բռնագանձման գործով

16.07.2026, 14:03
Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
«Արարատցեմենտի» բաժնետոմսերի կառավարումը փոխանցվել է պետությանը՝ Ծառուկյանի գույքի բռնագանձման գործով

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը, որով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը։

Ինչպես հայտնում են դատախազությունից, սույն թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը հուլիսի 15-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է:

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, որտեղ, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ պետության բռնագանձել նաև «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը։

Ներկայացված հայցադիմումով Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել հետևյալ գույքն ու դրամական միջոցները.

  • Անշարժ գույք. 75 անշարժ գույք և ևս 10 գույքի շուկայական արժեք (որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում),
  • Տրանսպորտային միջոցներ. 42 տրանսպորտային միջոց,
  • Բաժնեմասեր ընկերություններում. Մասնակցություն 38 իրավաբանական անձանցում, որոնց թվում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլն,
  • Դրամական միջոցներ. 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը, կատարված ծախսերը, տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը, ինչպես նաև 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը։

Գործով դատական քննությունն ու հանգամանքների պարզումը շարունակվում են:

Ծառուկյանը հուլիսի 6-ից գտնվում է երկամսյա կալանքի տակ խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման քրեական գործի շրջանակում: