Ֆրանսահայ պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսահայ պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, որը Ֆրանսիայի բարձրագույն ազգային շքանշանն է։ Ֆրանսիայի նախագահի համապատասխան հրամանագիրը ստորագրվել է հուլիսի 13-ին և հրապարակվել հուլիսի 14-ին։
«Անսահման երախտագիտությամբ այսօր առավոտյան իմացա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի աստիճանի՝ ինձ շնորհվելու մասին։ Ես այս պարգևն ընդունում եմ որպես մեծ պատիվ և այն կիսում եմ բոլոր նրանց հետ, ովքեր ուղեկցել են ինձ տարիների ընթացքում»,- Instagram-ում գրել է Քյուրքջյանը։
Նրա խոսքով՝ այս ճանաչումն իրեն ոգեշնչում է շարունակել աշխատանքը, որն իրականացնում են իր ստեղծած Per Fumum և Francis Kurkdjian հիմնադրամները։
Per Fumum հիմնադրամն զբաղվում է օծանելիքագործության ժառանգության պահպանմամբ և զարգացմամբ, իսկ Francis Kurkdjian հիմնադրամն աջակցում է մշակութային, կրթական և սոցիալական նախագծերին, այդ թվում՝ այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են մշակույթից սահմանափակ օգտվելու հնարավորություն ունեցող մարդկանց։
«Վերջապես, ես առանձնահատուկ հուզմունքով եմ հիշում իմ տատիկին ու պապիկին, որոնք վերապրել են Հայոց ցեղասպանությունը և փախստական դարձել Ֆրանսիայում։ Նրանց արիությունը, վստահությունն իրենց նոր հայրենիքի հանդեպ և արժեքները, որոնք նրանք փոխանցել են ինձ, առանձնահատուկ նշանակություն են տալիս այս պատվին»,- նշել է Քյուրքջյանը։

