Կարկուտ, ամպրոպ և քամու ուժգնացում. Հայաստան են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Արևադարձային տաք հոսանքներին փոխարինելու է գալիս զովությունը։ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Սուրենյանը նշել է, որ վերջին 2 օրերին հուլիսի 14-ին և 15-ին Հայաստանը գտնվում էր հարավային արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես բարձր ջերմային ֆոն գրանցվեց Արարատյան դաշտում և Երևանում։
«Հայհիդրոմետի օդերևութաբանական կայանների դիտարկումների համաձայն` հուլիսի 14-ին և 15-ին Արարատյան դաշտի առանձին հատվածներում ջերմաստիճանը հասավ մինչև 38–39 աստիճանի, իսկ Երևանում 37–38 աստիճանի» ,- սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Սուրենյանը՝ հավելելով, որ այսօրվանից՝ հուլիսի 16–ից սկսած, մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ։
«Այսօր ցերեկային ժամերին, երեկվա հետ համեմատած, օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 4–ից 5 աստիճանով և հանրապետության ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Երևանում, ցերեկային ժամերին այն չի գերազանցի 33–ից 35 աստիճանը և, առհասարակ, մթնոլորտի շրջանառության թվային մեթոդների գնահատմամբ, առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ուժեղ շոգեր, այսինքն` 40 և ավելի բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում»,-ասել է նա։
Նրա խոսքով, առաջիկա 5 օրերին երեկոյան ժամերին և գիշերը հանրապետության մի շարք շրջաններում կզարգանա ամպրոպային ամպամածություն, սպասվում են կարճատև անձրևներ, առանձին հատվածներում, ցավոք, հնարավոր է կարկուտ։
«Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20 մ /վարկյան արագությամբ։ Երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևների հավանականություն կա նաև Երևանի առանձին հատվածներում, այսինքն` դրանք երակային բնույթի են լինելու, ոչ համատարած կդիտվեն քաղաքի առանձին հատվածներում»,-ասել է Սուրենյանը։

