Վաղարշյան փողոցում հրաձգության գործով 1 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական հետապնդում է նախաձեռնվել Երևանի Վաղարշյան փողոցում հուլիսի 12–ին տեղի ունեցած վիճաբանության և հնչած կրակոցների փաստի առթիվ։
«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության փորձը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից)», – «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Ավդալյանը նաև հայտնել է, որ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նրա նկատմամ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
Shamshyan.com-ի տվյալներով՝ հուլիսի 12-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակում մի քանի քաղաքացիների միջև վեճ է բռնկվել, որը վերածվել է ծեծկռտուքի և հրաձգության։
Ավելի ուշ մարմնական վնասվածքներով երկու տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, արյան հետքեր և վնասված ավտոմեքենաներ։
Սոցցանցերում և ԶԼՄ-ներում հայտնվել են տեսանյութեր, որոնցում, ենթադրաբար, պատկերված են ծեծկռտուքը, հրաձգությունը և կոնֆլիկտի մասնակիցներից մեկին ավտոմեքենայով վրաերթի ենթարկելը։ Նախաքննությունը շարունակվում է։

