Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա դի

15.07.2026, 10:15
Ըստ նախնական տեղեկությունների, նա  6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել
Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա դի

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.   Հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Ինչպես հայտնում է կայքը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը։

Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա աղջիկ է, որը, ըստ նախնական տեղեկությունների 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել։

Դեպքի մասին ոստիկանության Դավթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։