Շան հաչոցի պատճառով բռնկված վեճը վերածվել է ծեծկռտուքի. 5 անձ է ձերբակալվել
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 12-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Պարույր Սևակ փողոցի հասցեներից մեկում ընթացող վիճաբանության մասին։
Իրավապահները նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Հ. Գ.-ին, 24-ամյա Ա. Գ.-ին, 66-ամյա Ս. Գ.-ին, 44-ամյա Գ. Գ.-ին, 43-ամյա Ա. Մ.-ին։
Կայքի տեղեկություններով, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներին Շիրակի մարզի բնակիչներ՝ 38-ամյա Ս. Գ.-ն և 39-ամյա Ս. Գ.-ն հայտնել են, որ հուլիսի 12-ին, ժամը 21։00-ի սահմաններում, շան հաչելու հետ կապված վիճաբանություն է ծագել շան տիրոջ և Ս. Գ.-ի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։
Ծեծկռտուքի ընթացքում Ս. Գ.-ն, ինչպես նաև դեպքին միջամտած Գ. Գ.-ն և Ս. Գ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

