Երևանում 1-ամյա երեխան մահացել է վնասվածքների և սրտի կանգի պատճառով

13.07.2026, 14:47
Ըստ ԶԼՄ-երի տեղեկատվության,  երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից
Երևանում 1-ամյա երեխան մահացել է վնասվածքների և սրտի կանգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:

Այս մասին հայտնում է ԲԿ-ի մամուլի ծառայությունը։

Ըստ ԲԿ- տրամադրած տեղեկատվության, բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։

«Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այսօր ավելի վաղ ԶԼՄ -երը գրում էին, որ երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից։