Փրկարարները Աղստև գետից ճոպանների ու պատգարակի օգնությամբ դուրս են բերել Իջևանից անհետացած տղամարդու մարմինը

09.07.2026, 14:53
Իջևանի մի քանի բնակիչներ  ՆԳՆ ՓԾ-ին հայտնել են,  որ իրենց 80-ամյա հարազատը  գիշերը դուրս է եկել տնից և չի վերադարձել
Փրկարարները Աղստև գետից ճոպանների ու պատգարակի օգնությամբ դուրս են բերել  Իջևանից անհետացած  տղամարդու մարմինը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Տավուշի մարզում այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Աղստև գետում հայտնաբերվել է անհետացած քաղաքացու դի։

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ժամը 12:20-ի սահմաններում Իջևանի մի քանի բնակիչներ դիմել են ՆԳՆ փրկարար ծառայություն և հայտնել, որ իրենց 80-ամյա հարազատը՝ Ս. Օ.-ն, գիշերը դուրս է եկել տնից և չի վերադարձել: Հարազատների փոխանցմամբ՝ հավանական էր, որ նա Իջևանի Շատրվանների հրապարակի աստիճաններով իջնելիս անզգուշաբար ընկել էր Աղստև գետը։

Դեպքի վայր են մեկնել Իջևանի և Դիլիջանի փրկարարները, պարեկները, ինչպես նաև ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժինների ծառայողները։

Հարազատների և կամավորների մասնակցությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ Խաշթառակ գյուղ տանող նորակառույց կամրջի տակ, Աղստև գետում հայտնաբերվել է տղամարդու մարմինը։

Փրկարարները դին գետից դուրս են բերել հատուկ ճոպանների և պատգարակի օգնությամբ։

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ-ի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։