Սարսափելի ավտովթար՝ Արագածոտնում․ երեք մարդ տեղում մահացել է, այդ թվում՝ 15–ամյա պատանի

07.07.2026, 11:03
Երեք մարդ տեղում մահացել է, այդ թվում՝ 15–ամյա պատանի Արագածոտնում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
Սարսափելի ավտովթար՝ Արագածոտնում․ երեք մարդ տեղում մահացել է, այդ թվում՝ 15–ամյա պատանի

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հուլիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:40-ի սահմաններում Գյումրի-Արտենի ավտոճանապարհին, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում, իսկ բեռնատարը՝ կողաշրջվել։

Վթարի հետևանքով 3 մարդ տեղում մահացել է։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և մահացածների ինքնությունը։

Գ․ Շամշյանի հաղորդմամբ, Թալինի քննչական բաժնի քննիչները և Արագածոտնի գումարտակի պարեկները պարզել են, որ «Volvo» մակնիշի բեռնատարը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Բ․ Պողոսյանը, իսկ «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Հ․ Մանուկյանը։ Վթարի հետևանքով տեղում մահացել են Հ․ Մանուկյանը, ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 15-ամյա Հ․ Մանուկյանը և Արագածոտնի մարզի բնակիչ 70-ամյա Վ․ Մալխասյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, նախօրեին «ՎԱԶ 21099»-ի վարորդ Հ․ Մանուկյանի ծննդյան 46-ամյակն է եղել։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։