Մեքենայում հայտնաբերվել է ավելի քան 4 կգ մարիխուանա. ձերբակալվել է 3 տղամարդ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ իրավապահները մաքսանենգ ճանապարհով ներկրված խոշոր չափի թմրամիջոցի իրացման փորձ են կանխել, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հուլիսի 2-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ հատուկ գործողություն են իրականացրել։
Թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է երեք երևանցի՝ 31, 38 և 50 տարեկան տղամարդիկ։ Նրանք, վերջինիս վարած «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է 4 կիլոգրամ 200 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը, ըստ նախնական տվյալների, նախատեսված էր իրացման համար։
Ձերբակալված անձինք ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները, նախաքննությունը շարունակվում է։


