Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել (ՎԻԴԵՈ)

02.07.2026, 11:49
ՔԿ–ն և Քրեական ոստիկանությունն իրականացրել են անակնկալ խուզարկություն․ ՎԻԴԵՈ
Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ և գործողությունների փոխլրացմամբ, «Բագրևանդ» թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն և իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։

Պարզվել է նաև, որ տարածքի պահպանությունն իրականացվում է տարբեր անձանց կողմից՝ նպատակ ունենալով սահմանափակել օտար անձանց մուտքը տարածք։

Ստացված տվյալների համակողմանի վերլուծության և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա Քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հունիսի 15-ին Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից իրականացվել է անակնկալ խուզարկություն։

Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ ու փաստաթղթեր, այդ թվում՝ թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա պետությունների նույնականացման քարտեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ և օտարերկրյա հեռախոսահամարներ։

Գործողությունների ընթացքում ենթադրյալ հանցագործներից մեկը հայտնել է, որ շինություններից մեկի երկրորդ հարկում պահում է երկու հրազեն։ Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել են երկու ատրճանակ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, որոնք սահմանված կարգով առգրավվել, փաթեթավորվել և կնքվել են՝ հետագա վարույթային գործողությունների շրջանակում փորձաքննության և այլ անհրաժեշտ քննչական գործողությունների իրականացման նպատակով։

Նշված անձը ձերբակալվել է։

Ներկայումս Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ակտիվ համագործակցում է Եվրոպական միության անդամ պետությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ՝ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրա իրականացման մեխանիզմների, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու, դրանք վերլուծելու և նախաքննություն իրականացնող մարմնին փոխանցելու նպատակով։