Պոետիկ շունչ ու համաշխարհային կինո. «Ոսկե ծիրան»-ը պատրաստ է 23-րդ մեկնարկին

03.07.2026, 18:53
Երևանը կրկին պատրաստվում է ընդունել կինոարվեստի տոնը. հուլիսի 12-ից 19-ը Հայաստանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
Պոետիկ շունչ ու համաշխարհային կինո. «Ոսկե ծիրան»-ը պատրաստ է 23-րդ մեկնարկին

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանը կրկին պատրաստվում է ընդունել կինոարվեստի տոնը. հուլիսի 12-ից 19-ը Հայաստանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնը նվիրված է պոեզիային՝ որպես աշխարհը զգալու, ընկալելու և վերաիմաստավորելու յուրահատուկ ձևի։

Հաշվի առնելով, որ այս տարի հուլիսի 12-ին նշվում է նաև Վարդավառը, ֆիլմերը կցուցադրվեն հուլիսի 12-ից սակայն բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին Մարզահամերգային համալիրում՝ Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով։ Փակումը նախատեսված է հուլիսի 19-ին Երևանի Կինոյի տանը՝ Գոդֆրի Ռեջոյի «Once Within a Time» («Ժուկով-ժամանակին») ֆիլմով:

Ինչպես փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, կլինեն ինչպես հրավիրատոմսերով փակ ցուցադրություններ՝ բացման արարողության շրջանակում, այնպես էլ առանձին բաց ցուցադրություններ, որոնց տոմսերը հասանելի կլինեն հանրությանը։

«Կցուցադրվի նաև Շառլ դը Գոլի մասին պատմող ֆիլմը, որը նույնպես շատ կարևոր են։ Այստեղ դերասան Սիմոն Աբգարյանի (ով մարմնավորել է դը Գոլի կերպարը, խմբ․) նշանակությունը ոչ թե նրա համար է, որ պարզապես հայկական ազգանուն է` որպես համաշխարհային կամ եվրոպական ձեռքբերումներ ունեցող արվեստագետ, այլև արվեստագետ, որը միշտ իր կապը Հայաստանի հետ շարունակել է պահել՝ ոչ միայն էմոցիոնալ իմաստով, այլև գործերով, որի վառ ապացույցն է իր բեմադրությունը «Պենելոպե» ներկայացման մեջ», - նշեց Ավետիսյանը։

Նրա խոսքով` այս ամենը պետք է ընկալել որպես ձեռքբերում, որովհետև Շառլ դը Գոլը սրբազան կերպար է ֆրանսիական մշակույթի համար, և մեծ նախանձախնդրություն կա առ այն, թե ով կկերտի այդ դերը, և հայ դերասանի կերտելը խոսում է տվյալ դերասանի անսահման դերասանական տաղանդի մասին։

Ըստ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի` փառատոնն այսօր աշխարհի լավագույն փառատոների շարքում է, և աշխարհը շատ գեղեցիկ գնահատականներ է տալիս փառատոնին։

«Եթե մենք ունեինք ամեն տարի 1 հայկական ֆիլմ, հիմա կա 10-15 ֆիլմ ամեն տարի՝ փառատոների ժամանակ։ Մենք ունենք հիմա մի մեծ երիտասարդական թիմ, որը նկարում է ֆիլմեր», – ասաց Խաչատրյանը՝ պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Ինչպես նշեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը, Հայաստանը կյուրընկալի նաև ևս մեկ հայ հայրենակցի` Սև Օհանյանին, որը Երևանում կներկայացնի «Մեղավորները» (Sinners) ֆիլմը և իր տեսանկյունից կներկայացնի ֆիլմի հաջողությունը։

Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։ Կցուցադրվի մոտ 90 ֆիլմ 40 երկրից, այդ թվում՝ Կաննի և Բեռլինի կինոփառատոների ծրագրերից: