ԱԲ ֆիլմեր, հայտեր՝ 95 երկրից և ցուցադրություններ Գյումրիում. Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հունիսի 25-ին կմեկնարկի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի հանդես է գալիս տարածաշրջանում բացառիկ նորամուծությամբ։
«Այս տարի, առաջին անգամ, տարածաշրջանում առաջինն ենք, որ փառատոնն ընդունեց ԱԲ-ով նկարված ֆիլմեր», - նշեց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանը փառատոնին նվիրված ասուլիսի ժամանակ։
Նա հավելեց, որ տարեցտարի ընդլայնվում է նաև մասնակիցների աշխարհագրությունը, և այս տարի արձանագրվել է բացառիկ ցուցանիշ՝ հայտեր են ստացվել աշխարհի 95 երկրից։
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն իր հերթին ընդգծեց, որ տարիների ընթացքում ձևավորվել է հարթակ, որն աջակցում է երիտասարդ կինոռեժիսորների բացահայտմանը, նրանց մասնագիտական զարգացմանը և ինտեգրմանը միջազգային կինոմիջավայրում։
«Այսօր այն հեղինակավոր FilmFreeway միջազգային հարթակում ունի բարձր` «Ոսկե» (Gold) կարգավիճակ, ինչը վկայում է փառատոնի մասնագիտական բարձր մակարդակի և միջազգային բարձր հեղինակության մասին», - նշեց Հովհաննիսյանը։
Փառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը հայտնեց, որ հանդիսավոր բացումը նախատեսվում է հունիսի 25-ին, ժամը 19:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում։
«3 օր շարունակ Կինոյի տանը լինելու են փառատոնի միջոցառումները, մրցութային ֆիլմերի ցուցադրությունները, հանդիպումներն ու քննարկումները, և այնուհետև փառատոնը շարունակվելու է Գյումրիում։ Հունիսի 28-ին «Թումո Գյումրիում» իրականացվելու են փառատոնի միջոցառումները, իսկ հաջորդ օրը՝ հունիսի 29-ին, «Հոկտեմբեր» կինոթատրոնում լինելու է փառատոնի փակման արարողությունը»,- ասաց Թադևոսյանը։
Նա շեշտեց, որ փառատոնն ունի ավանդույթ, որ բացի երևանյան միջոցառումներից նաև միջոցառումներ են իրականացվում մարզերում` ընդգծելով, որ դա շատ դրական ազդեցություն է ունենում մարզային մշակութային կյանքի ակտիվացման վրա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն իր հերթին կարևորեց փառատոնի դերը երկրի վարկանիշի և ակտիվության բարձրացման գործում։
«Հայաստանը կարևորում են նրանով, որ ունի 300 արևոտ օր, որը կինոյի համար առանցքային նշանակության երևույթ է։ Հայաստանում հնարավոր է 1-2 ժամվա ընթացքում ունենալ տարվա 4 եղանակները։ Այսպիսի միջոցառումների շնորհիվ մենք պետք է անընդհատ ուղերձը տանք մեր միջազգային գործընկերներին»,- ընդգծեց փոխնախարարը։
Փառատոնի անցկացման համար այս տարի համայքանյին բյուջեից կհատկացվի 20 մլն դրամ։
Փառատոնի մասին
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2018 թվականին՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր Գուժ Թադևոսյանի նախաձեռնությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սուրեն Թադևոսյանը, ծրագրի ղեկավարը՝ Արտյոմ Բաղդասարյանը։

