Master Award, «Փարաջանովյան թալեր» և պոեզիա փրկության համար․ Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը (ՖՈՏՈ)

14.07.2026, 11:54
«Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է նախօրեին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում կայացած լայնածավալ երաժշտական ինստալյացիայով․ ՖՈՏՈ
Master Award, «Փարաջանովյան թալեր» և պոեզիա փրկության համար․ Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․  «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է նախօրեին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում կայացած լայնածավալ երաժշտական ինստալյացիայով:

Մինչև հուլիսի 19-ը փառատոնի շրջանակում կանցկացվեն մրցութային և արտամրցութային ծրագրեր, որոնց կմասնակցեն ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից: Երևանյան հանդիսատեսը կդիտի հեղինակավոր միջազգային կինոփառատոներում ցուցադրված ֆիլմեր։

Золотой абрикос

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը բացման հանդիսավոր արարողության ժամանակ ընդգծել է, որ «Ոսկե ծիրանն» արդեն վաղուց դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև Երևանի կարևոր մշակութային այցեքարտերից մեկը:

«Շատ ուրախ եմ այսօր այստեղ տեսնել ձեզ բոլորիդ՝ մարդկանց, ովքեր սիրում են կինոն և ապրում են դրանով: Տարեցտարի երևանյան կինոփառատոնը հասնում է նոր հաջողությունների: Այսօր մենք արդեն կարող ենք փաստել, որ աշխարհի ավելի քան 5000 կինոփառատոների շարքում «Ոսկե ծիրանը» դասվում է 50 լավագույնների թվում, և դա իսկապես կարևոր ձեռքբերում է»,- նշել է նա:

Золотой абрикос

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հիշեցրել է դրա ստեղծման պատմությունը՝ նշելով, որ գաղափարն առաջացել է դեռևս 2004 թվականին իր և իր երկու ընկերների մոտ, երբ հայկական կինո գրեթե չէր նկարահանվում: Նրա խոսքով՝ նման միջազգային կինոփառատոնի գոյությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար. անցած տարիների ընթացքում այն դարձել է կարևոր հարթակ հայկական կինոյի և մշակույթի համար:

Խաչատրյանը «Master Award» մրցանակը հանձնել է այս տարվա Միջազգային ժյուրիի նախագահ, ավստրիացի հայտնի ռեժիսոր Ջեսիկա Հաուզներին:

Երեկոյի կարևոր իրադարձություններից է եղել նաև ֆրանսիացի հայտնի կինոօպերատոր Բրյունո Դելբոնելյուին «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրել է այս տարվա փառատոնի գլխավոր ուղերձը՝ «Be a Poem» («Եղի՛ր պոեմ»):

Золотой абрикос

«Պոեզիան պարզապես հանգ ու ռիթմ չէ: Այն մարդկային փորձառության, զգացմունքների ու մտքերի արտահայտման լեզու է, որը թույլ է տալիս աշխարհին նայել նոր տեսանկյունից: Այս տարվա պաստառով կինոփառատոնը հրավիրում է հանդիսատեսին ոչ միայն նայել արվեստին, այլև ապրել դրա ներսում, լինել զգայուն, հետաքրքրասեր և բաց աշխարհի առաջ, դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասնիկը»,- նշել է Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ հենց արվեստն է թույլ տալիս մարդկանց գոյատևել ամենադժվար ժամանակներում:

Փառատոնը բացվել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով: Ռեժիսորն ընդգծել է, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան Հայրենիքում՝ «Ոսկե ծիրանի» շրջանակում ներկայացնելու հնարավորությունն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի:

Золотой абрикос

«Մի բան է կինոփառատոն բացել շվեյցարական Լոկառնոյում, և բոլորովին այլ բան՝ բացել «Ոսկե ծիրանը» իմ սիրելի Հայրենիքում: Այս ֆիլմը սիրո նամակ է իմ հայրենիքին, մեր կինոյին, մեր վերքերին, մեր կորուսյալ հողերին: Ես փորձել եմ այդ սիրո նամակը վերածել ֆիլմի»,- նշել է Ստեփանյանը:

«Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը ոչ միայն կներկայացնի խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի հագեցած ծրագիր։ Դրա շրջանակում կանցկացվեն նաև հանդիպումներ համաշխարհային կինոգործիչների հետ, վարպետության դասեր և մասնագիտական քննարկումներ: