Վերացվել է մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող 65 տարեկանի շեմը

15.08.2026, 18:22
Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը
Վերացվել է մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող 65 տարեկանի շեմը

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։

Այս մասին հայտնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հավելելով, որ նոր կանոնակարգմամբ՝ այդ պաշտոններում աշխատանքը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի տարիքով։

Նշվում է, որ փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայություններին, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին և վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) գործադիր մարմինների ղեկավարներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին,անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնին։

Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում ստեղծվում են իրավական հիմքեր, որոնք հանրային, համայնքային, քաղաքացիական ծառայողներին և ՊՈԱԿ-ների ղեկավարներին հնարավորություն կտան դառնալ խնամատար ծնող և երեխայի խնամքն իրականացնելու համար ստանալ վարձատրություն։