Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում վարորդական իրավունքի ստացման քննական հարցաշարերում
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի ստացման քննական հարցաշարերում։
«Ավելի դյուրինացման տեսանկյունից՝ մենք տարանջատել ենք հարցաշարերը A,B, C կարգերի վարորդական վկայական ստանալու համար, ինչպես նաև D և E կարգերի վարորդական վկայական ստանալու համար», - ասաց Ղազարյանն այսօր ասուլիսի ժամանակ։
Նա պարզաբանեց, որ նախկինում մարդը կարող էր դիմել թեթև մարդատար տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար, սակայն նրան կարող էին տրվել նաև, օրինակ, ավտոբուսին վերաբերող հարցեր:
«Կառավարության որոշումն ընդունված է, մենք ժամկետներում ևս կտեղավորվենք, և համապատասխան հարցաշարերը կհրապարակվեն roadpolice կայքում», - ընդգծեց Ղազարյանը։
Նա տեղեկացրեց, որ վարորդական իրավունքի հետ կապված առաջիկայում կլինի համագործակցություն նաև մասնավորի հետ։
«Մենք արդեն որոշակի քննարկումներ ենք սկսել ավտոդպրոցների և մասնավոր այլ գործընկերների հետ՝ ուրվագծելու համար այն ճանապարհը, թե ինչպես պետք է մոդերնիզացնենք մեր հաշվառման քննական գործառույթները», - հայտնեց Ղազարյանը։

