7 800-ից ավելի անձ վերականգնել է վարորդական իրավունքի վկայակաները` պետական տուրքի վճարմամբ. ՆԳՆ
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում ավելի քան 7 800 անձ պետական տուրք վճարելու միջոցով վերականգնել է վարորդական իրավունքը, հայտարարել է ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
«7 800-ից ավելի անձ առանց որակավորման քննությունների վերականգնել է վարորդական իրավունքի վկայականները պետական տուրքի վճարման ճանապարհով, - ասաց Ղազարյանն այսօր ասուլիսի ժամանակ։
Հիշեցեննք, որ հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար։
Նոր ընթացակարգով նախատեսվում է՝
1.վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու և օրենքով սահմանված պետական տուրքը՝ հիսուն հազար դրամ վճարելու դեպքում, անձը կարող է վերականգնել վարելու իրավունքը առանց որակավորման քննություններ հանձնելու,
2.1 տարի ժամկետով փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,
3. փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նա կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով։
Փաթեթով նախատեսվում է նաև անցումային դրույթ․ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք միայն մեկ անգամ հնարավորություն կունենան վերականգնելու իրենց վարելու իրավունքը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։ Հաջորդիվ զրկումների դեպքում վարելու իրավունքի վերականգնումը կիրականացվի որակավորման քննություններ հանձնելուց հետո։

