Agos․ Ստամբուլի հայկական դպրոցներին տեղեկացրել են ՀՀ քաղաքացիների երեխաներրի ընդունելու արգելքի մասին
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայի ազգային կրթության նախարարության տեսուչները Ստամբուլի հայկական դպրոցներում ստուգումների ընթացքում տնօրեններին տեղեկացրել են, որ այդ ուսումնական հաստատություններն այլևս չեն կարողանա ընդունել Հայաստանից ժամանած աշակերտներին որպես «հյուր աշակերտներ»: Այս մասին գրում է ստամբուլահայ «Ակոս» թերթը:
Պարբերականի տվյալներով՝ հայկական դպրոցներում ստուգումները սկսվել են անցյալ շաբաթ: Ինչպես պնդում է «Ակոսը», տեսուչները տնօրեններին հայտնել են, որ Հայաստանից եկած երեխաները պետք է ուսումը շարունակեն Թուրքիայի պետական դպրոցներում: Նրանք նաև տեղեկատվություն են պահանջել Հայաստանի քաղաքացիների մասին, ովքեր նախորդ տարիներին սովորել են հայկական դպրոցներում:
«Ակոսը» գրում է, որ տեսուչները ժամանել են Հայաստանից ժամանած աշակերտների ցուցակներով և հետաքրքրվել, թե որտեղ են նրանք այժմ շարունակում կրթությունը: Մի շարք դեպքերում, պարբերականի տվյալներով, հարց է բարձրացվել նրանց գրանցումը պետական դպրոցներ տեղափոխելու մասին: Ստուգումները, ինչպես պնդվում է, չեն սահմանափակվի հայկական ուսումնական հաստատություններով և պետք է անդրադառնան նաև հունական ու հրեական դպրոցներին։
Ստամբուլի հայկական դպրոցները շուրջ 14 տարի ընդունել են Հայաստանից եկած երեխաներին օտարերկրացի «հյուր աշակերտների» կարգավիճակով: Նման պրակտիկան հիմնված էր մասնավոր ուսումնական հաստատությունների վերաբերյալ թուրքական կարգավորման դրույթի վրա, որի համաձայն օտարերկրյա քաղաքացիները կարող են սովորել դպրոցներում սահմանված քվոտայի սահմաններում, սակայն նրանց դիպլոմ չի տրվում: Դպրոցից հեռանալիս նրանք ստանում են փաստաթուղթ՝ անցած առարկաների ցանկով և գնահատականներով:
Հատկանշական է, որ այս նորմն առկա է նաև Թուրքիայի կրթության նախարարության կողմից հրապարակված մասնավոր ուսումնական հաստատությունների մասին կանոնակարգի 2025 թվականի փետրվարի խմբագրությունում: Դրանում ուղղակիորեն նախատեսված է օտարերկրացի «հյուր աշակերտների» ուսուցման հնարավորությունը ազատ տեղերի առկայության դեպքում: Միաժամանակ փաստաթուղթը նախատեսում է լրացուցիչ պահանջներ օտարերկրացիների գրանցման համար և դպրոցների կոնկրետ կատեգորիայի ընդունելության կանոնների պահպանման անհրաժեշտություն:
Ինչպես գրում է «Ակոսը», ընթացիկ ստուգումների ընթացքում դպրոցներն իրազեկվել են, որ համապատասխան նորմն այլևս չի կարող կիրառվել փոքրամասնությունների հայկական դպրոցների նկատմամբ, և որ դրանցում կարող են սովորել միայն Թուրքիայի հայ համայնքի աշակերտները:
Թուրքական MAZLUMDER իրավապաշտպան կազմակերպությունը «Ակոսին» հայտարարել է, որ շուրջ 14 տարի գոյություն ունեցող պրակտիկայի դադարեցումը կարող է ազդել երեխաների կրթության իրավունքի վրա: Կազմակերպությունն իշխանություններին կոչ է արել հարցը կարգավորել այնպես, որ աշակերտները զրկված չլինեն կրթությունը շարունակելու հնարավորությունից:
«Ակոսի» տեղեկություններով՝ հայկական հիմնադրամների ներկայացուցիչները և դպրոցների ղեկավարները մտադիր են քննարկել իրավիճակը, իսկ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը տեղեկացված է տեղի ունեցողի մասին:

