ՀՀ քննչական կոմիտեն կարող է ունենալ սեփական օպերատիվ ստորաբաժանումը

03.11.2026, 20:29
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անհրաժեշտ է համարել  կոմիտեի կազմում առանձին օպերատիվ ստորաբաժանման առկայությունը
ՀՀ քննչական կոմիտեն կարող է ունենալ սեփական օպերատիվ ստորաբաժանումը

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անհրաժեշտ է համարել կոմիտեի կազմում առանձին օպերատիվ ստորաբաժանման առկայությունը։ Նրա կարծիքով՝ դա թույլ կտա բարձրացնել քննությունների արդյունավետությունը։

Երեքշաբթի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների շրջանակում ունեցած ելույթում Պողոսյանը հայտարարել է Քննչական կոմիտեի օպերատիվ հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտության մասին։

«Որոշ քրեական վարույթներով անհրաժեշտություն կա, որպեսզի, իմ կարծիքով, Քննչական կոմիտեի կառուցվածքում լինի նաև առանձին օպերատիվ ստորաբաժանում։ Կարծում եմ, որ դա կնպաստի քրեական վարույթների արդյունավետության հետագա բարձրացմանը։ Ես սրա մասին խոսում եմ ոչ միայն համակարգի շահերի տեսանկյունից, այլ հանրային շահի և քրեական վարույթների արդյունավետության տեսանկյունից»,- հայտարարել է նա։

Վկայակոչելով ԱԱԾ քննչական դեպարտամենտում աշխատանքի իր փորձը՝ Պողոսյանը նշել է, որ մեկ համակարգի շրջանակում քննչական և օպերատիվ կառույցների գտնվելը նպաստել է տեղեկատվության ավելի արագ փոխանակմանը։

Նրա խոսքով՝ այդպիսով քննիչն օպերատիվ տվյալները ստանում էր արդեն նախնական փուլում և կարողանում համապատասխանաբար պլանավորել աշխատանքը։