Հայաստանում 5 տարում առաջին անգամ դատապարտյալների թիվը գերազանցել է կալանավորների թվին․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ներկայումս պահվում է 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր, հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ նման ցուցանիշներ երկրում չեն արձանագրվել վերջին հինգ տարիների ընթացքում։
«Մինչև նախորդ տարվա վերջ մեր երկրում դատապարտյալների թիվն ավելի նվազ է եղել քան կալանավորների թիվը։ Մենք ծատ մեծ աշխատանք ենք արել, որպեսզի այդ հարաբերակցությունը փոխվի հօգուտ դատապարտյալների», - երեքշաբթի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասել է Գալյանը։
Նախարարը նշել է, որ կալանանվորման մեծ ծավալների խնդիրը նախկինում արտացոլվել է նաև միջազգային զեկույցներում։
Գալյանի գնահատմամբ՝ հարաբերակցության փոփոխությունը վկայում է կալանավորումների թվի որոշակի նվազման, ինչպես նաև կայացվող և օրինական ուժի մեջ մտնող դատական ակտերի քանակի ավելացման մասին։
Նախարարը հայտնել է նաև երկրի գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում իրականացվող վերանորոգման աշխատանքների մասին։
Նրա տվյալներով՝ աշխատանքներն ընդգրկել են ավելի քան 170 օբյեկտ, այդ թվում՝ շուրջ 70 խցեր և կացարաններ, ինչպես նաև կարճատև և երկարատև տեսակցությունների համար նախատեսված 10 սենյակ։

