Ի՞նչ անել, եթե հին անձնագրում վիզա կա, նոր անձնագիր ստանալիս պարտադի՞ր է նույնականացման քարտ ունենալը․ պարզաբանում է ՆԳՆ–ն (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը, ի՞նչ անել, եթե հին անձնագրում վիզա կա, նոր անձնագիր ստանալիս պարտադի՞ր է նույնականացման քարտ ունենալը։ Այս հարցերին է անդրադարձել ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Ձեր փաստաթղթերը շարունակում են վավեր մնալ մինչև դրանցում ժամկետի ավարտը։ Բայց եթե ունեք հին կապույտ անձնագիր և ցանկանում եք ստանալ նոր կարմիր կենսաչափական անձնագիր, կարող եք դիմել և ստանալ այն։ Պարզապես հիշեք՝ նոր անձնագիր ստանալուց հետո հինը դառնում է անվավեր։ Այն կդակվի և կվերադարձվի Ձեզ», – նշել է Սարգսյանը ՆԳՆ–ի Facebook–յան էջում հրապարակված տեսանյութում։
Իսկ ի՞նչ անել, եթե հին անձնագրում կա գործող վիզա։
«Վիզան շարունակում է գործել։ Պարզապես ճամփորդելիս Ձեզ հետ պետք է ունենաք և՛ նոր անձնագիրը, և՛ հինը, որում առկա է վիզան՝ հաշվի առնելով նաև տվյալ երկրի մուտքի կանոնները», – նշել է Սարգսյանը։
Նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար պարտադի՞ր է նույնականացման քարտ ունենալը։
«Այո՛, 16 տարին լրացած քաղաքացիների համար այն պարտադիր է, իսկ մինչև 16 տարեկանների համար՝ ոչ։ Իսկ եթե նույնականացման քարտը հին նմուշի է, խնդիր չկա․ եթե այն վավեր է, փոխարինելու կարիք չկա։ Պարզապես Ձեր վավեր նույնականացման քարտով ակտիվացրեք խիստ նույնականացումը, որպեսզի նախագրանցումն ավելի հեշտ լինի»,- ասել է Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ ՆԳՆ-ի իրազեկումները շարունակական են լինելու։
Նոր կենսաչափական համակարգի մասին
2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործում է կենսաչափական անձնագրերի և ID-քարտերի ձևակերպման նոր համակարգ: Մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, երևանյան «Երևան Մոլ»-ում բացվել է HayPass սպասարկման առաջին կենտրոնը:
Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում: Սկզբնական փուլում նախատեսված է 14 սպասարկման կենտրոնների աշխատանք, այդ թվում՝ երկուսը Երևանում, հետագայում դրանց թիվը հասցնելով 23-ի:
Կենսաչափական անձնագրի արժեքը կազմում է 28 650 դրամ, ID-քարտինը՝ 5 950 դրամ: Փաստաթղթերի տրամադրման ժամկետը 14 աշխատանքային օր է: Ավելի վաղ տրված անձնագրերն ու ID-քարտերը մնում են վավերական մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

