Խոշոր հրդեհ՝ Երևանի առևտրի կենտրոններից մեկում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի առևտրի կենտրոններից մեկում, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 03։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։44-ին, մարվել՝ 04։55-ին։ Առևտրի կենտրոնի երկրորդ հարկում այրվել է հագուստի տաղավար։ Հրշեջ-փրկարարները մարելով հրդեհը՝ կանխել են կրակի տարածումը։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, խոսքը Գայի պողոտայում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի մասին է։

