Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է, կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ․ ժԺամը 14։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Տերյան և Զորյան փողոցների խաչմերուկում բախվել են բուժառու տեղափոխող Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Հ․-ի վարած Վանաձորի շտապօգնության ավտոմեքենան և 60-ամյա Բադիկ Ս․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով բուժառուն՝ Լոռու մարզի բնակիչ 85-ամյա Լեմաքս Վ․-ն մահացել է, իսկ շտապօգնության բուժքույրը՝ 33-ամյա Աղավնի Մ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարակով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ Հանրապետական շտապ օգնության ծառայությունը, այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում։ Դժբախտաբար, հիվանդը մահացել է հիվանդանոցում։ Վթարի հանգամանքները պարզվում են։
«Հորդորում ենք բոլոր վարորդներին. երբ տեսնում եք միացված փարոսիկներով շտապօգնության մեքենա, զիջեք ճանապարհը։ Այդ պահին այն ինչ-որ մեկի կյանքի համար է շտապում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

