Հայաստանում մասնավոր հատվածի մասնակցությամբ նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում նախատեսվում է իրականացնել Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ նոր հիմնարկի կառուցումը նախատեսված է կառավարության ծրագրով և անհրաժեշտություն է հանդիսանում։
«Առաջիկա ամիսներին մենք ակտիվորեն աշխատելու ենք Ֆինանսների նախարարության գործընկերների հետ՝ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ուղղությամբ»,- երեքշաբթի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասել է Գալյանը։
Նախարարն անդրադարձել է նաև գործող քրեակատարողական հիմնարկների փակման հարցին։ Նրա խոսքով՝ նախատեսվում է փակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, իսկ նախնական ծրագրերով՝ նաև Գորիսի ՔԿՀ-ն։
Գալյանը հայտնել է, որ Դատապարտյալների հիվանդանոցն արդեն փակվել է։

