Հայկական դիցաբանության Արալեզ թևավոր շնից մինչև Arcane-ի աշխարհ․ ինչ է սպասվում «ՌեԱ» փառատոնում

03.11.2026, 18:00
Հայկական դիցաբանության թևավոր շուն Արալեզը դարձել է անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի «ՌեԱ» միջազգային 18-րդ փառատոնի պաշտոնական պաստառի գլխավոր կերպարը
Հայկական դիցաբանության Արալեզ թևավոր շնից մինչև Arcane-ի աշխարհ․ ինչ է սպասվում «ՌեԱ» փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայկական դիցաբանության թևավոր շուն Արալեզը դարձել է անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի «ՌեԱ» միջազգային 18-րդ փառատոնի պաշտոնական պաստառի գլխավոր կերպարը։

Ըստ առասպելների՝ Արալեզն օժտված էր ընկած հերոսներին վերակենդանացնելու ուժով։ Դիցաբանական այս կերպարն իր աշխատանքում պատկերել է լիբանանյան ծագմամբ ֆրանսիացի հայտնի անիմացիոն ռեժիսոր և իլյուստրատոր Զավեն Նաջարը։

Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ արդեն երրորդ տարին է՝ պաշտոնական պաստառը ստեղծելու համար հրավիրվում են միջազգային արվեստագետներ։

«Դրանով նաև հանրայնացնում ենք Հայաստանը ու մեր «ՌեԱ» փառատոնը», – նշել է նա։

Նոյեմբերի 7-14-ը Երևանում անցկացվող փառատոնը կհամախմբի անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի ներկայացուցիչներին։ Ծրագրում են ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ, միջազգային մասնագետների հետ հանդիպումներ, աշխատարաններ և երաժշտական միջոցառումներ։

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Կինոյի տանը՝ ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լոդենբախի «Կարմեն. ըմբոստ թռչնակը» (Viva Carmen!) անիմացիոն երաժշտական դրամայի ցուցադրությամբ։

Անիմացիան՝ ավելին, քան մուլտֆիլմ

Մրցութային ծրագրում ընդգրկված են 2026 թվականի աշխարհի լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմերը, այդ թվում՝ ֆրանսիացի ռեժիսոր Օլիվիե Կլերի «Լյուսիին որոնելիս» և ռեժիսորներ Էրվին Հանի ու Ռաուլ Գարսիայի «Ջութակահարուհին»։

Կազմակերպիչները ցանկանում են անիմացիան ներկայացնել ոչ միայն որպես մուլտֆիլմերի ստեղծման ժանր, այլև որպես լիարժեք կինոարվեստ, որը կարող է մրցակցել խաղարկային ֆիլմերի հետ։

Փառատոնի ընթացքում անդրադարձ կլինի նաև անիմացիայում արհեստական բանականության կիրառմանը։

Վրեժ Քասունին մամուլի ասուլիսում ընդգծել է, որ արհեստական բանականությունը պետք է մնա գործիք, ոչ թե փոխարինի ստեղծագործողին։

«Արհեստական բանականության հանդեպ մեր վերաբերմունքը բացասական է այն առումով, որ այն վտանգ է ներկայացնում։ 18 տարի է՝ մենք աշխատում ենք կադրեր զարգացնելու, մշակույթը զարգացնելու ուղղությամբ, և հանկարծ արհեստական բանականությանը հանձնվե՞նք։ Մենք բոլորին ասե՞նք՝ գնացեք տուն։ Ո՛չ։ Ես անձամբ դրան վերաբերվում եմ որպես գործիքի և կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այն լինելու է ընդամենը գործիք, իսկ ստեղծարար միտքը մնալու է վերևում և առաջին տեղում», – ասել է նա։

Քասունու խոսքով՝ մրցութային հայտերի ընտրության ժամանակ կազմակերպիչները շեշտում են, որ արհեստական բանականությամբ ստեղծված նյութերը չեն ընդունվում։

Հայկական անիմացիայի «փոքրիկ ըմբոստություններն» ու Սերժ Ավետիքյանի ֆիլմերը

Հայաստանի կինոյի հիմնադրամը փառատոնին կներկայանա երկու հատուկ ծրագրով։

Առաջինը՝ «Անիմացիա առանց կանոնների» հետահայաց ցուցադրությունների շարքն է՝ նվիրված 1970-80-ականների հայկական անիմացիոն կինոժառանգությանը։

Հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի խոսքով՝ խորհրդային տարիներին անիմացիայի արտադրամասն ավելի մեծ ստեղծագործական ազատություն ուներ, քան կինոարտադրության մյուս ուղղությունները։ Դա անիմատորներին հնարավորություն էր տալիս ավելի ազատ արտահայտելու իրենց գաղափարները։

«Շատ հետաքրքիր ֆիլմաշարք ունենք՝ «Արձագանք», «Երջանիկ ավարտ», «Մկների ժողով», «Կացին», «Միջանցք», «Սեղմակոճակ» և «Ձախորդ Փանոս»․ բոլորն էլ իրենց մեջ ունեն իրենց փոքրիկ ըմբոստությունները», – ասել է Բանուչյանը։

Երկրորդ ծրագիրը նվիրված է ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի ստեղծագործություններին։

Բանուչյանի խոսքով՝ հանրությունը Ավետիքյանին հիմնականում ճանաչում է որպես դերասան, մինչդեռ նա նաև երեք անիմացիոն ֆիլմ ունի։ Դրանցից մեկը՝ «Շների կղզին», Կաննի կինոփառատոնում արժանացել է կարճամետրաժ ֆիլմի «Ոսկե արմավենի» մրցանակին։

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ին, «Նաիրի» կինոթատրոնում տեղի կունենա ծրագրի բացումը՝ Սերժ Ավետիքյանի մասնակցությամբ։ Հանդիսատեսը կկարողանա հանդիպել ռեժիսորի հետ, հարցեր ուղղել և ծանոթանալ նրա ստեղծագործական ուղուն։

Arcane-ի աշխարհ, պատկերապատումներ և ջազ

Փառատոնի ամենահետաքրքիր նորույթներից մեկը ARCANE-League of Legends ցուցահանդեսն է, որը Հայաստանում առաջին անգամ կներկայացվի նոյեմբերի 8-28-ը։

ReA փառատոնի և Rambalkoshe մշակութային հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնությունը այցելուներին հնարավորություն կտա հայտնվելու հայտնի անիմացիոն սերիալի ստեղծագործական աշխարհում։

Փառատոնը նորություն ունի նաև երաժշտասերների համար։

Նոյեմբերի 14-ին Կինոյի տանը կանցկացվի «ՋԱԶ երեխաների համար» (JAZZ for KIDS) համերգը։ Ջազային կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին կցուցադրվեն մուլտֆիլմեր։ Նախագծի հեղինակը ջազ երաժիշտ Կարեն Գրիգորյանն է։

Իսկ փառատոնի բացման օրվանից Հայաստանի կինոգործիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում կգործի ReAComics պատկերապատման ցուցահանդեսը։

Այստեղ կներկայացվեն փորձառու և սկսնակ հեղինակների աշխատանքները, այդ թվում՝ ՌեԱ ազգային պատկերապատման 4-րդ մրցույթի մասնակիցների գործերը։

Ծրագրում են նաև նախորդ տարվա հաղթող Սոֆիա Միրզոյանի «Ժասմինն ու Բիմբիմը» գրքի շնորհանդեսը և Ջորդան Մեքների «Վերապրում» պատկերապատման պաստառների ցուցահանդեսը։ Մեքները ներկա կլինի միջոցառմանը, իսկ այցելուները հնարավորություն կունենան ստանալու նրա ստորագրությունը։

Միջազգային մասնագետներ, աշխատարաններ և 12 հայկական նախագիծ

Նոյեմբերի 9-11-ը ՀԲԸՄ-ում կանցկացվի «ՄարԱնի» (Market of Animation) ֆորումը՝ անիմացիոն կինոյի, կոմիքսների, խաղերի և վիզուալ արվեստների ոլորտի տարածաշրջանային խոշորագույն մասնագիտական միջոցառումներից մեկը։

CoReAct համարտադրության հարթակում այս տարի ներկայացված է հայաստանյան անիմատորների 12 նախագիծ։ Հեղինակներն իրենց աշխատանքները կներկայացնեն միջազգային ժյուրիին և կմասնակցեն աշխատանքային ու գաղափարային քննարկումների։

Փառատոնի ևս մեկ նորույթ է ReA Academy Lab ծրագիրը, որն առաջին անգամ անցկացվում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։

Այն նախատեսված է միջին փորձառություն ունեցող պրոդյուսերների, սցենարիստների և վիզուալ արվեստագետների համար, որոնք ցանկանում են իրենց մասնագիտական կարողությունները զարգացնել մինչև միջազգային մակարդակ։

Ծրագիրը հագեցած է նաև աշխատարաններով ու հանդիպումներով։

Իրենց փորձով կկիսվեն իլյուստրատոր, կերպարների կոնցեպտ արտիստ և արտ տնօրեն Իգոր Հերաս Ֆերնանդեսը, գրաֆիկական վեպերի հեղինակ, նկարազարդող, սցենարիստ և լեգենդար Prince of Persia խաղերի ստեղծող Ջորդան Մեքները, ինչպես նաև անիմացիոն նկարիչ Արմին Թաղդիսիրադը։

Անիմատոր Դեն Ֆրանկեն հանդես կգա դասախոսությամբ, իսկ նկարիչ Դիանա Եղիկյանը վարպետության դաս կանցկացնի։

Փառատոնի մասին

«ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային 18-րդ փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Փառատոնին աջակցում են նաև ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը և Իսպանական մշակութային գործունեությունը (AC/E)։