Թրամփն ասել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարի որպես ԱՄՆ տարածք
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շուտով Հորմուզի նեղուցը հայտարարել ամերիկյան տարածք, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երբ մենք վերջնականապես հաղթենք Իրանին, իսկ նա լուրջ պարտություն է կրում, բավականին շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ ԱՄՆ տարածք», - հայտարարել է ԱՄՆ առաջնորդը Նյու Յորքին հարակից Նասո շրջանի ոստիկանական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ։ «Մենք պահպանում ենք շրջափակումը։ Նույնիսկ մեկ նավ չի անցնում, եթե մենք չցանկանանք», - հավելել է Թրամփը։
Չորեքշաբթի նախագահ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են Հորմուզի նեղուցը և կշարունակեն անել դա նաև ապագայում։ Միևնույն ժամանակ, The Wall Street Journal թերթը ավելի ուշ ներկայացրել էր տվյալներ, որոնց համաձայն՝ հուլիսին Հորմուզի նեղուցով օրական անցնող նավերի քանակը հինգ անգամ պակաս է եղել, քան մինչ հակամարտության սկիզբը։
ՄԱԿ-ի արձագանքը
ՄԱԿ-ը կոչ է արել բոլոր կողմերին պահպանել միջազգային իրավունքը և նավագնացության միջազգային իրավունքներն ու ազատությունները Հորմուզի նեղուցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն ամերիկյան տարածք հայտարարելու հնարավորության մասին հայտարարությունից հետո։
«Մենք վերստին կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել նավագնացության միջազգային իրավունքներն ու ազատությունները Հորմուզի նեղուցում և դրա շուրջ։ Նավագնացության իրավունքների և ազատությունների իրականացումը պետք է պահպանվի բոլոր կողմից՝ միջազգային իրավունքին համապատասխան», - ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդի խոսքերը։

