Աղիքային վարակի դեպք՝ Վանաձորում․ 6 քաղաքացի հոսպիտալացվել է նույն խնջույքին մասնակցելուց հետո

15.08.2026, 19:01
Պարզվել է, որ միջոցառումից հետո սննդի մի մասը տարվել է տուն և կրկին օգտագործվել, ինչից հետո էլ ի հայտ են եկել  գանգատները
Աղիքային վարակի դեպք՝ Վանաձորում․ 6 քաղաքացի հոսպիտալացվել է նույն խնջույքին մասնակցելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնագետների իրականացրած համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր պացիենտները մասնակցել են նույն խնջույքին։

ՀՎԿԱԿ-ի տեղեկացմամբ, հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ (ստամոքսի) շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։ Բոլոր 6 անձինք այժմ գտնվում են հիվանդանոցում։

Պարզվել է, որ միջոցառումից հետո սննդի մի մասը տարվել է տուն և կրկին օգտագործվել, ինչից հետո էլ ի հայտ են եկել գանգատները։

Միջադեպի մասին սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։

«Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է, ՀՎԿԱԿ-ը հետևում է իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշվում է ՀՎԿԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև. 3 անձ հոսպիտալացվել է Երևանի ռեստորաններից մեկն այցելելուց հետո